Հունաստանում, այսօր` մայիսի 6-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում առաջատարը աջ կենտրոնամետ «Նեա դեմոկրատիա» (Նոր ժողովրդավարություն) կուսակցությունն է, վկայում են Exit-Poll-ի արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պահպանողականները հավաքում են ձայների 17-20%-ը, ձախ արմատական ուժերի կոալիցիան` 15,5-18,5%-ը, իսկ Համահունական սոցիալիստական շարժումը  (ՊԱՍՈԿ)` 14-17% -ը: Երեւանյան ժամանակով ժամը մոտ 22:30-ի սահմաններում կհայտարարվեն ընտրությունների առաջին արդյունքները, իսկ վերջնական արդյունքները կլինեն ավելի ուշ կամ մայիսի 7-ի առավոտյան:

Խորհրդարանում ձայների մեծամասնությունը (151 տեղ` 300-ից) ստանալու համար քաղաքական կուսակցությանն անհրաժեշտ է ստանալ ձայների 37%-ը, տեղեկացնում է  NEWSru.com-ը:

Սպասվում է, որ խորհրդարան կմտնեն նաեւ աջամետ «Անկախ հույներ» (10-12%), «Հունաստանի կոմկուս» (7,5-9,5%), ուլտրաաջ «Ոսկե արշալույս» (6-8%), «Դեմոկրատական ձախեր» (4,5-6,5%), ինչպես նաեւ,  հնարավոր է, մի շարք փոքր կուսակցություններ: