Հայաստանում խորհրդարանական ընտրությունների թեման իր արտացոլումն է գտել արեւմտյան մամուլում: Համաշխարհային լրատվամիջոցները նշում են, որ մայիսի 6-ին ընտրություններ են տեղի ունեցել 6 եվրոպական երկրներում` Ֆրանսիայում, Հունաստանում, Հայաստանում Սերբիայում, Իտալիայում եւ Գերմանիայում:

Միջազգային մամուլը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բնորոշվում են որպես « ժողովրդավարության թեսթ հետխորհրդային երկրի համար», որտեղ սկանդալային նախագահական ընտրություններ էին կայացել 2008-ին:

Պարբերականների մեծ մասը նշում են, որ հարցումների համաձայն առաջատարներն են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն:

Bloomberg գործակալության հոդվածում ասվում է, որ ՀՀԿ-ն, հնարավոր է, ստանա 41 տոկոս, ԲՀԿ-ն` 33 տոկոս ձայն: «Այդ կուսակցությունները դեռ չեն հայտարարել, թե արդյոք չե՞ն պատրաստվում կրկին կոալիցիա կազմել»,-ասված է հոդվածում:

Բրիտանական BBC-ն, ինչպես նաեւ այլ լրատվամիջոցներ, հիշեցնում է ՀՀԿ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ գազով լցված փուչիկների պայթելու մասին, որից հետո 154 մարդ այրվածքներ է ստացել:

Reuters-ը մեջբերում է ուսուցչուհի Գոհար Կարապետյանին. «Հույս ունեմ, որ ոչ թե 1-2, այլ մի քանի կուսակցություններ: Այդ դեպքում նոր խորհրդարանում կլինեն ավելի շատ բանավեճեր եւ օրենքները կընդունվեն ժողովրդի շահերից ելնելով»:

Անդրադառնալով քաղաքական ուժերի քարոզարշավին, Reuters-ը նշում է, որ թեկնածուների տնտեսական ծրագրերում մեծ տարբերություններ չկան: «Նրանք բոլորը կոչ են անում ակտիվացնել տեղական արտադրությունը եւ շարունակել համագործակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ»,-նշում է հոդվածագիրը:

AFP-ն նույնպես նշում է, որ Հայաստանի քաղաքացիները ցանկանում են քվեարկել կայունության եւ արդարության օգտին: «Ես կողմ եմ փոփոխությունների, բայց առանց հեղաշրջումների: Մեզ կայունություն է պետք»,-ասել է Եերեւանցի էլեկտրիկ Գառնիկ Խաչեյանը:

«Ես քվեարկել եմ արդարության համար: Հնարավոր չէ ապրել մի երկրում, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, որտեղ աշխատանք չկա, որտեղ կան շատ հարուստներ եւ նրանք, ովքեր ոչինչ չունեն»,-ասել է ընտրող Ալվարդը: