Այս ընտրությունները հետևյալի մասին էին. Մենք դժվարություն ունեինք հանրությանը բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ, թե ինչու Ծառուկյանի թալանվածը վերադարձված չի, թե ինչպես է պատահել, որ կալուգացի օլիգարխը հեղափոխությունից հետո 8 տարիների ընթացքում շարունակել է  մանկապարտեզներից հոսանք գողանալ և ինչպես է դա հնարավոր եղել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էս ընտրությունը սրա մասին էր, և դրա պատճառը այն է, որ ակնհայտ է, որ այդ մաֆիան ունեցել է դրսի հովանավորներ, որոնց հետ կապված մենք շատ զգույժ ու կաշկանդված ենք եղել։ Այս ընտրությունները և դրանում երեխաների ակտիվությունը առաջ է բերել նոր հեղափոխության օրակարգ։Հեղափոխություն, որտեղ թավիշը պետք է բացառվի, որովհետեւ մենք դժվարություն ենք ունեցել բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսեն, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ–ում մինչև հիմա։ Որովհետև նախկինում այդ ամբողջ սահմանադրական կարգը կառուցվել է օլիգարխիան  պաշտպանելու համար։ Մենք պետք է գնանք այդ համակարգը ջարդելու ճանապարհով, չկա ուրի տարբերակ։ Կամ հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է։

Դեռ լավ է, որ մենք այնքան ինստիտուցիոնալ կարողություն ունենք, որ այդ ընտրակաշառքների 10 տոկոսը տեսանելի ենք դարձրել։ Շատ կոնկրեը ՀՀԿ–ԲՀԿ հին ցուցակները հանել են և ընտրակաշառք են բաժանել։

Փառք ու պատիվ այն քաղաքացիներին, որ ասել են՝ մենք փող չենք վերցնի։ Էդ մարդիկ Հայաստանի պետականության սյունն են։ Աչքաչափով էլ է երևում, որ այդ եռագլուխ կուսակցությունների ստացած ձայների 70 տոկոսը փողով ստացած ձայներ են։ Այս խնդիրը պետք է լուծվի, ՀՀ–ն պետք է արագ արձագանքի, պետք է հեղափոխական արձագանքներ լինեն։ Մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ժողովուրդ, եթե համաձայն չեք, դուրս եկեք փողոցներ և կանգնեցրեք մեզ։

Ես ասում եմ՝ մենք գնալու ենք այս ճանապարհով, ես կոնկրետ անձնապես գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդ ու փշուր անելու, ոտի տակ տալու ճանապարհով։ Եթե համաձայն եք՝ զբաղվեք ձեր գործերով, մենք այդ ամեն ինչը կանենք, եթե համաձայն չեք՝ դուրս եկեք փողոց, և արեք հեղափոխություն»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ եթե ընտրակաշառք տված և վերցրած որևէ մեկը հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման օրը բանտում չլինի, սա կոնկրետ հեղափոխության թեմա է. «Հեղափոխության թեման այն է, որ տասնյակ հազարավոր մարդիկ գնում են և կոնկրետ մարդկանցից պատասխան են պահանջում, ասում են՝ այս ինչ եք արել և ոնց եք արել։ Էլ չքմեղանալու ոչ մի բան պետք է չլինի, վայ գիտեք՝ այս մեկը խեղճ է, այն մեկը այս է։ Տասնյակների նկատմամբ քրեական գործերը կարճվել են, պայմանական ժամկետներ են տրվել 2021 թվից հետո։

Էլ չեմ ասում, որ ամենամեծ կաշառատուն արդարացվել է։ Ո՞վ է հավատում Հայաստանի Հանրապետությունում, որ ձրի է արդարացվել։ Ես այդ մարդկանց հրավիրում եմ, թող հավաքվեն Ազատության հրապարակում կամ Հանրապետության հրապարակում, ասեն՝ մենք հավատում ենք, որ մեծարգո էսինչյանը ընտրակաշառքի գործով արդարացվել է։

Եթե չէ, ուրեմն պիտի սրան կոնկրետ պատասխան տվողներ լինեն։

Հասկանում ենք՝ անկախ, բայց չի կարա ժողովրդից անկախ իշխանություն լինի, ուրիշ տեղի ենթարկվող իշխանություն լինի Հայաստանի Հանրապետությունում։

Այո, ես հայտարարել եմ երեխաների հեղափոխություն և ես վերահաստատում եմ, երեխաների ապագայի ճանապարհին ինչքան խոչընդոտ կա, ջարդ ու փշուր անելով վերացնելու եմ։ Սա իմ անձնական հանձնառությունն է, ընդ որում այս հանձնառությունը վարչապետի կարգավիճակի հետ կապ չունի, սա հեղափոխականի հանձնառություն է։ Այդ հանձնառությունը ինձ երբեք չի լքել։ Եկել է պատասխան տալու ժամանակը և հատ-հատ բոլորը պետք է պատասխան տան։

720000 մարդ քվեարկել է այդ հատուցման ժամի օգտին, Դա պետք է արվի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի կամքից ավելի բարձր իրավունքի աղբյուր գոյություն չունի։ Հերիք է այդ Սերժա–քոչարյանա– քրեաօլիգարխիկ իրավունքները բերեն մեր մեր քթի տակ խաղացնեն»։