Մոսկվայում, մայիսի 6-ին, ռուսական ընդդիմության «միլիոնների երթ» ակցիան ավարտվել է զանգվածային հրմշտոցով եւ ձերբակալություններով:

Ինչպես հաղորդում է «Ъ-Online»-ը, «միլիոնների երթն» սկսվել է Կալուգայի հրապարակից եւ պետք է ավարտվեր Բոլոտնայա հրապարակում կայանալիք հանրահավաքով, սակայն Բոլոտնայա հրապարակին չհասած հրմշտոց է սկսվել: Ոստիկանության աշխատակիցները երկար ժամանակ ստուգելով հրապարակ էին թողնում ակցիայի մասնակիցներին, որի հետեւանքով ակցիայի մասնակիցները տապալել են մետաղորսիչ սարքերը եւ փորձել անցնել ոստիկանական շղթան:

Ակցիայի կազմակերպիչներ Սերգեյ Ուդալցովն ու Ալեքսեյ Նավալնին մեղադրել են իշխանություններին` հանրահավաքը տապալելու փորձի համար, որից հետո, ըստ Lenta.ru-ի, իրենց միացած Բորիս Նեմցովի հետ կոչ են արել հավաքվածներին նստացույց սկսել «Ուդարնիկ» կինոթատրոնի առաջ:

Բազմության մի մասը կտրել է ոստիկանական շղթան եւ շարժվել Կրեմլի ուղղությամբ, բայց նրանց ձերբակալել են:

Բոլոտնայա հրապարակի մոտ գտնվող ոստիկանների, զինվորականների ու ՕՄՕՆ-ի աշխատակիցների թիվը զարմացրել է նույնիսկ լրագրողներին: Նրանք դա նմանեցրել են «Աստղային պատերազմներին»:

Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ քարեր, շշեր ու նույնիսկ ասֆալտի կտորներ են նետել: Ի պատասխան ոստիկանները սկսել են մահակներով դաժանաբար ծեծել ակցիայի մասնակիցներին եւ արցունքաբեր գազ են կիրառել:

Երբ սկսել են ձերբակալությունները, ընդդիմադիրներն, այդուհանդերձ, փորձել են հանրահավաք անցկացնել Բոլոտնայա հրապարակում, բայց Նեմցովին եւ Ուդալցովին ձերբակալել են ելույթի ժամանակ:

Հանրահավաքը ցրելու ժամանակ տուժել է 20 ոստիկան, ովքեր ծակող-կտրող վնասվածքներ են ստացել, վիրավոր ցուցարարների թիվն անցնում է մի քանի հարյուրից:

Նշենք, որ ոստիկանության տվյալներով, ակցիային մասնակցել է շուրջ 8 հազար մարդ: Ընդդիմությունը պնդում է, որ նրանց թիվը 170-200 հազար է եղել: