Համաշխարհային լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել մայիսի 6-ին կայացած ընտրությունները:
BBC-ից, Reuters-ից, Agence France-Presse-ից, Bloomberg-ից հետո խորհրդարանական ընտրությունների մասին գրել է չինական պետական Xinhua գործակալությունը` «Հայերն այսօր խորհրդարան են ընտրում» վերտառությամբ հոդվածով:
«Հիմնական պայքարն ընթանում է նախագահ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ, որը գլխավորում է գործարար Գագիկ Ծառուկյանը:
Նախագահ Սարգսյանը, ով քվեարկել է Երեւանի տեղամասերից մեկում, ասել է. «Ես քվեարկում եմ Հայաստանի առաջընթացի համար»: Նա նաեւ լրագրողին ասել է, թե հուսով է, որ «այսօր, վաղը եւ հաջորդ օրը ամեն ինչ հանգիստ կլինի, օրենքներին համապատասխան»,- գրում է Xinhua-ն:
Աղբյուրը նշում է, թե քարոզարշավն ընթացել է սոցիալական եւ տնտեական խնդիրների շուրջ:
Xinhua-ն ներկայացնում է 70-ամյա կնոջ խոսքերը: Գայանեն նշել է, թե «քվեարկել է լավ տնտեսության համար եւ հաջորդ հնգամյակին նայում է լավատեսությամբ»:
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է նաեւ արաբական Al Jazeera-ն` նկատելով. «Հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաղթում է ձեռնամարտի հարուստ նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանին»,- ասվում է հոդվածում:
Al Jazeera-ն ընդգծում է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հայտարարել է, թե իշխանությունները մտադիր են կեղծել ընտրությունները:
«ՀԱԿ-ը սպառնացել է բողոքի ակցիա անել: «Բարգավաճ Հայաստանը», որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին իր կողմնակիցները բոլոր աղքատների հերոս-բարեգործ են համարում, նույնպես չի բացառել ցույցերի հավանականությունը»,- նշում են արաբ հեղինակները:




























