Այն փոքր բիզնեսները, որոնք տարվա ընթացքում երեք անգամ կտուգանվեն ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար, պետք է 5 տարով զրկվեն հարկման արտոնյալ համակարգերից։ Այս մասին Կառավարության հունիսի 18-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ Կառավարությունը պատրաստվում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության (զրոյական հարկերով) արտոնյալ համակարգը։ 2027 թվականի հունվարի 1-ից (ներկայիս 24 միլիոն դրամի (շուրջ 64 հազար դոլար) փոխարեն) այս ռեժիմից կկարողանան օգտվել տարեկան մինչև 50 միլիոն դրամ (շուրջ 135 հազար դոլար) շրջանառություն ունեցող փոքր բիզնեսները։ «Սակայն արտոնություններն ավելացնելուն զուգահեռ, բիզնեսից պետք է նաև ազնիվ աշխատանք պահանջել»,- նշել է Փաշինյանը։

Ուստի, ինչպես ընդգծել է վարչապետը, փոքր բիզնեսի այն օբյեկտները, որտեղ որոշակի ժամանակահատվածում (օրինակ՝ մեկ տարում) երեք անգամ կձևակերպվի ՀԴՄ կտրոն չտպելու խախտում, պետք է 5 տարով զրկվեն թե՛ միկրոբիզնեսի, և թե՛ շրջանառության հարկի համակարգում աշխատելու իրավունքից (այսինքն՝ ստիպված կլինեն աշխատել ընդհանուր հարկային դաշտում՝ առանց արտոնությունների)։

Նրա խոսքով՝ սրա հետևանքով ոմանք հնարավոր է ստիպված լինեն փակվել, բայց դրան կարելի է արձագանքել միայն մեկ նախադասությամբ. «Թող կտրոն տան ու գրանցեն իրենց առևտուրը»։

Կառավարության ղեկավարը նաև հանձնարարեց 2027 թվականի հունվարի 1-ից առավելագույնս ընդլայնել այն ապրանքների ցանկը, որոնց վրա փակցվելու են QR-կոդով հսկիչ պիտակներ։ Դրանց շնորհիվ հարկային մարմինը կկարողանա հետևել ոչ թե պարզապես ապրանքների ընդհանուր ծավալին, այլ յուրաքանչյուր տուփի կամ շշի շարժին առանձին-առանձին։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ սա թույլ կտա էլ ավելի կրճատել ստվերային շրջանառությունը։