Վստահ եղեք, որ իմ մասնակցությունը պրոցեսներին նոր թափ է հավաքելու։ Այս մասին մի քանի խմբագիրների տված հարցազրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Դուք գիտեք, որ մինչև հիմա կալանավորված եմ և իմ անձնական հնարավորությունները սահմանափակված են, բայց իմ հնարավորությունների չափով ես ավելի ակտիվ մասնակցելու եմ այս բոլոր պրոցեսներին»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք ավարտին է հասցնելու կիպրական և ռուսական անձնագրերից հրաժարվելու գործընթացը, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Չեմ ուզում դրան անդրադառնալ, մենք պրոցեսը սկսել ենք, որ օրը դրա անհրաժեշտությունը կլինի, այդ պրոցեսի ավարտը արդեն եղած կլինի»։

Ինչ վերաբերում է հավաքական ընդդիմության օրակարգին, նա նշեց, որ գլխավոր հարցը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, մեր երկրի, մեր ժողովրդի նվաստացման պրոցեսի կանգնեցումն է. «Այս մարդը շարունակում է նվաստացնել մեր երկիրը, մեր ժողովրդին, իր ցինիկությամբ ամեն քայլ ինքն անում է, դրանից հայ ժողովուրդը տուժում է։

Երկրորդ քայլը, մեզ համար կարևոր է միջազգային կառույցներին և դեսպաններին դիմելը, որ իրենք հասկանան այն պրոցեսները, որոնք կատարվում են Հայաստանում։ Իրենք հարցի մի կողմին են նայում, իրեն ձեռնտու է հակառուս Փաշինյանը, բայց հայ ժողովրդին դա ձեռնտու չէ, բայց նրանք պետք է լսեն, որովհետև մինչև հիմա ոչ մի անմիջական խոսակցություն չի եղել այդ մարդկանց հետ։

Միգուցե իրենք չեն էլ պատկերացնում ինչ է կատարվում Հայաստանում։ Միգուցե իրենք չեն պատկերացնում, որ իրենց օգնությամբ այս մեխանիզմը ոչնչացնելու է Հայաստան պետությունը։ Դրա համար ես շատ կարևոր եմ համարում իրենց հետ հանդիպումը նույնպե»։ Սամվել Կարապետյանի ներկայացմամբ, ընդդիմադիր ուժերի միասնական խորհուրդը պետք է պահանջի ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ այդ մարդիկ որևէ մեղք չեն գործել. ««Իրենք հորինեցին այդ ընտրակաշառքների թեման, որպեսզի այդ ընթացքում իրենք հանգիստ բաժանեն պետության բյուջեով ընտրակաշառքներ։ Բոլորս հասկանում ենք, այդ մոլորված ու խաբված մարդիկ ինչի համար ձայն տվեցին Փաշինյանին։ Վերջապես մարդիկ տվել են ձայն Փաշինյանին։ Իրենց հիմնական պատճառը, որ տվել են, դա պետական մակարդակով ընտրակաշառքներն են։ Սա էր իրեն ձայն բերում, ուրիշ ինչի՞ դիմաց հայ մարդը պետք է Փաշինյանին ձայն տա, ես չեմ պատկերացնում։ Այսքան չարիք ու կործանում բերած մարդ, ինչի՞ դիմաց պետք է քվե ստանա։ Դրա համար իրենք հորինեցին մի քանի թեզեր, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ։

Համենայնդեպս, ես մեր ուժի կողմից վստահ ասում եմ, չի եղել ընտրակաշառքի ոչ մի դեպք։ Նույնիսկ կարող եմ ասել՝ ով մեր կուսակցության կողմից թեկուզ 100 դոլար ընտրակաշառք բաժանել է, նա Նիկոլ է։ Այսինքն չկա այդպիսի բան»։

Հիշեցմանը, որ կան բազմաթիվ ձայնագրություններ, Սամվել Կարապետյանն արձագանքեց. «Դե ձայնագրություններում ինչ-որ բաներ կոնտեքստից կտրում են։ Համենայնդեպս մոտ 760 մարդ մեր ուժից ձերբակալվել է, 103 մարդ կալանավորվել է և մոտ 100 մարդու նկատմամբ  տարբեր խափանման միջոցներ են կիրառվել՝վարչական հսկողություն, չբացակայելու արգելք։

Իհարկե շարունակվում է այդ պրոցեսը, իրենք չեն կանգնում, իրենք իրենց արածները ուզում են ծածկել դրանով, քանի որ իրենք լավ գիտեն, ինչպես են իրենք քվե ստացել։ Մենք էլ լավ գիտենք՝ ինչպես ենք մենք քվե ստացել, մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, որոնք, վստահ եղեք, լավագույնն էին այս պրոցեսների ժամանակ։ իայն այդ ծրագրերով կարելի էր ստանալ ուժեղ Հայաստան, բարեկեցիկ կյանքով ապրող ժողովուրդ, բայց մեր ժողովուրդը ընտրեց աղքատությունը, ընտրեց հանձնվողականությունը մեկ օրվա իր օգուտի համար։ Շատերը ընտրեցին Ալիևի մարզպետին, որը հետևողականորեն քանդելու է մեր երկրի հիմքերը»։