Արտասահմանյան պետությունների ղեկավարները շնորհավորել են սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ֆրանսիացի նորընտրիր նախագահին շնորհավորել է հեռախոսով, ինչպես նաեւ նրան հրավիրել է Քեմփ Դեւիդում G8-ի (մայիսի 18-1-ը) եւ Չիկագոյում ՆԱՏՕ-ի (մայիսի 20-2-ը) գագաթաժողովներին, իսկ մինչ այդ առաջարկել է երկկողմ հանդիպում անցկացնել Սպիտակ տանը:
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն Օլանդի երեկվա հաղթանակն անվանել է «պատմական»: Ըստ նախարարի` Ֆրանսիան եւ Գերմանիան կմիավորեն ջանքերը եվրագոտում պարտքային ճգնաժամի դեմ պայքարելու համար:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ֆրանսիական նորընտիր նախագահին հրավիրել է Բեռլին բանակցությունների համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ողջունել է Օլանդի հաղթանակը եւ բրիտանա-ֆրանսիական կապերի ամրապնդման հույս հայտնել:
Ֆրանսուա Օլանդին շնորհավորանքներ են ուղարկել նաեւ Իսպանիայի, Իտալիայի եւ Կանադայի ղեկավարները:
Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը դարձել է Ֆրանսիայի նոր նախագահ: Այդ մասին հայտարարել էր Ֆրանսիայի ՆԳՆ-ի ղեկավար Կլոդ Գեանը: 80% քվեաթերթիկների հաշվարկից հետո Օլանդը հավաքել է 51,13%, իսկ Նիկոլա Սարկոզին` 48,87%: Նիկոլա Սարկոզին արդեն ընդունել է իր պարտությունը:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մոտ օրերս` Սահմանադրական խորհրդի կողմից:




























