Քեմբրիջշիրի ոստիկանությունը սպանության փորձի գործ է քննում այն բանից հետո, երբ երեք տարեկան տղան ծանր վնասվածքներ է ստացել և կրիտիկական վիճակում հոսպիտալացվել կոկորդիլոսների վանդակում տեղի ունեցած միջադեպից հետո, հաղորդում է BBC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Հանթինգդոնի մոտակայքում գտնվող Օլդ Հըրսթի Johnsons Zoo կենդանաբանական այգում։ Արտակարգ ծառայություններին ազդանշանը ստացվել է տեղական ժամանակով 13:24-ին։

Ոստիկանության տվյալներով՝ երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է Addenbrooke’s Hospital հիվանդանոց և այժմ գտնվում է ծայրահեղ ծանր, սակայն կայուն վիճակում։

Սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Նորֆոլկ կոմսության 30-ամյա մի տղամարդ։ Իրավապահները հայտարարել են, որ, նախնական տվյալներով, տղամարդն ու երեխան ծանոթ չեն եղել։

Քննությունը դիտարկում է պատահածի տարբեր վարկածներ, այդ թվում՝ հավանականությունը, որ երեխան կարող էր տուժել կենդանիներից, սակայն վերջնական եզրակացություններ դեռևս չեն արվել։

Ոստիկանության տեսուչ Վերիթի Մաքքանը հայտարարել է, որ աշխատակիցները հարցաքննում են վկաներին և կենդանաբանական այգու այցելուներին՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար։

«Այս փուլում մենք զրուցում ենք այն մարդկանց հետ, որոնք միջադեպի ժամանակ եղել են կենդանաբանական այգում, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել,- ասել է նա։- Մենք չենք կարծում, որ ձերբակալվածն ու երեխան ծանոթ են եղել»։

Տեղի խորհրդարանական Բեն Օբեզե-Ջեթին կոչ է արել զերծ մնալ շահարկումներից և հայտնել է, որ համակարգում է գործողությունները ոստիկանության հետ, որը միջադեպը դիտարկում է որպես կրիտիկական։

Կոմսության իշխանություններն ու արտակարգ ծառայություններն իրենց աջակցությունն են հայտնել երեխայի ընտանիքին և ընդգծել ողբերգության մասշտաբը։

Ըստ կենդանաբանական այգու պաշտոնական կայքում զետեղված տեղեկությունների՝ Johnsons Zoo-ում պահվում է ավելի քան 100 տեսակի կենդանի, դրանց թվում՝ կոկորդիլոսներ, առյուծներ և բենգալյան վագր։

Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մի քանի բրիգադներ, ներառյալ՝ ուղղաթիռային սանիտարական ավիացիան։ Տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո երեխան հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով։