«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը մայիսի 7-ին կամփոփի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ ահազանգերը: Նախօրեին «Շտապ իրավաբանական օգնության» ավտոմեքենաները մինչեւ ուշ գիշեր շրջել են Հայաստանի բոլոր մարզերի ընտրատեղամասերում:   080-080-804 թեժ գծով շուրջ 140 ահազանգ է ստացվել:

Ինչպես նշվում է կազմակեպության հաղորդագրության մեջ, օրինակ, 34/04 ընտրատեղամասի դիտորդները  19:00-ին հայտնել էին, որ քվեատուփերը փակված են, սակայն կնքված չեն: Նա դիմել էր ընտրական հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս հրաժարվել էր ինչպես արձանագրություն կազմելուց, այնպես էլ խախտումը վերացնելուց: Նա նաեւ հրաժարվել էր ընդունել դիտորդի ` խախտման գրավոր նկատողությունը, որը նկարահանվել էր տեսախցիկով: 

Այլ դեպք էր գրանցվել Աշոցքի 33/19  ընտրատեղամասում: Քվեարկության ամբողջ ընթացքում տուփեր գցվող ծրարների վրա ոչ ճիշտ կնիք է դրված եղել: ԿԸՀ-ի կնիքների փոխարեն օգտագործվել են անձնական կնիքներ:Այդ փաստը  գրանցվել եւ թեժ գծով ուղարկվել է դիտորդներին:

Հայաստանի խորհրդարանը ձեւավորվում է խառն ընտրական համակարգով՝ 90 մանդատ համամասնական համակարգով, 41-ը՝ մեծամասնական։

Ընթացիկ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 9 քաղաքական ուժեր՝  ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ, Կոմկուս, ՀԴԿ եւ «Միավորված հայեր»: Քվեարկության դիտարկումն իրականացրել  են 53  տեղական կազմակերպությունների 31 418 դիտորդներ, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված 11 տարբեր միջազգային կազմակերպությունների  եւ դեսպանատների ներկայացուցիչներ: