Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի՝ ռուսական իշխանությունների հետ ոչ պաշտոնական կապեր հաստատելու փորձերը, որպեսզի քննարկվի Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հնարավորությունը, ԵՄ մի շարք երկրների, առաջին հերթին՝ Գերմանիայի և Ֆրանսիայի կոշտ մերժմանն են հանդիպել։ Նրանք կարծում են, որ այժմ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար հարմար պահ չէ, իսկ երբ այդ պահը գա, նախաձեռնությունը պետք է ստանձնի «եվրաեռյակը»՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։
Վերջին շաբաթներին Կոշտայի աշխատակազմի ղեկավար Պեդրո Լուրտին առնվազն երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ռուս բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Ըստ ԵՄ ներկայացուցիչներից մեկի՝ խոսքը «կարճ շփումների մասին էր… կապի ուղիներ հաստատելու նպատակով», գրել է Financial Times-ը՝ հղում կատարելով դիվանագետներին։ Սակայն ԵՄ երկրներում այդ մասին իմացել են լրատվամիջոցների հրապարակումներից, ինչը բազմաթիվ առաջնորդների մոտ դժգոհություն և նույնիսկ կտրուկ մերժում է առաջացրել, գրել է թերթը։ Սա հաստատում է նաև Politico-ն։ Բրյուսելում անսպասելիորեն լարված գիշերային հանդիպման ժամանակ Ֆրիդրիխ Մերցը և Էմանուել Մակրոնը հայտարարել են Կոշտայի՝ Կրեմլի հետ կապեր հաստատելու փորձերի անընդունելիության մասին, պատմել են ԵՄ հինգ դիվանագետներ և պաշտոնյաներ։ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարներին ակտիվորեն աջակցել են Դանիան և Նիդեռլանդները, ինչպես նաև կոշտ հակառուսական դիրքորոշում ունեցող մի շարք երկրներ։
Այժմ այս հարցով Կրեմլի հետ փոխգործակցության համար ամենահարմար ժամանակը չէ, և նման քայլ անելուց առաջ պետք էր խորհրդակցել բոլոր երկրների հետ, կարծում են քննադատները։ Մերցը նաև հասկացրել է, որ Կոշտան չպետք է հանդես գա միջնորդի դերում. թեև կանցլերը փորձել է հանդիպման ընթացքում խուսափել բաց հակամարտությունից, նա իր դիրքորոշումը Եվրախորհրդի ղեկավարին «այլ եղանակներով» է փոխանցել, Politico-ին պատմել է դիվանագետներից մեկը։
Կոշտան ցուցաբերել է «ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալիզմ», քանի որ թաքցրել է Ռուսաստանի հետ իր շփումների իրական ծավալը, հավելել է դիվանագետը։





























