Ադրբեջանն ու Թուրքիան անցկացրել են ռազմական լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացմանը նվիրված հանդիպում, որի արդյունքում ստորագրվել է աշխատանքային արձանագրություն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զինված ուժերի լոգիստիկական աջակցության հարցեր, այդ թվում՝ նյութական միջոցների տեղափոխումը, մատակարարման կազմակերպումը, բժշկական տարհանումը և դաշտային ստորաբաժանումների աջակցությունը։

Քննարկվել են նաև ռազմական լոգիստիկայի դերը ժամանակակից հակամարտություններում, խոցելիությունների բացահայտումը և զորքերի մատակարարման ինքնավարության մեծացումը։

Ըստ տեղեկությունների՝ թուրքական պատվիրակությունը նաև ստուգել է Ադրբեջանի զորամասերից մեկի լոգիստիկական կազմակերպությունը։ Հանդիպումից հետո կողմերը հաստատել են այս ոլորտում համագործակցությունը շարունակելու իրենց մտադրությունը։