Ադրբեջանում այսօր` մայիսի 7-ին, 4,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը, ստորերկյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 09:39-ին, Զաքաթալա քաղաքից 16 կմ դեպի հարավ-արեւմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության տակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցը մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:40-ին գրանցել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ (նախնական տվյալներով), որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Այդ մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.380  և արեւելյան երկայնության 46.950:  Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության  վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:

Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների երկրաշարժի հետեւանքով տեղի են ունեցել ավերածություններ:

Նախնական տվյալներով` երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում 3-4 բալ ուժգնությամբ: