«Հակառակ հասարակության մեջ տարածված կարծիքի՝ ես երբեք անձնական ընկերական հարաբերություններ չեմ ունեցել Սամվել Կարապետյանի հետ, իսկ ամբողջ կյանքիս ընթացքում նրա հետ հանդիպել եմ ընդամենը մի քանի անգամ՝ ընդհանուր ընկերություններում և այն էլ արդեն նախագահի պաշտոնը թողնելուց հետո»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի քրեական հետապնդումն ու կալանավորումը։
Ցրելով մեդիադաշտում արմատացած կարծրատիպերը՝ Քոչարյանն ընդգծել է, որ իր նախագահության տարիներին ընդհանրապես անձամբ ծանոթ չի եղել Կարապետյանի հետ, իսկ իրենց առաջին հանդիպումը տեղի է ունեցել միայն իր հրաժարականից մի քանի տարի անց։ Քաղաքական գործիչը նշել է, որ նախընտրական շրջանում հանրային շփումների բացակայությունը եղել է գիտակցված որոշում, որպեսզի թույլ չտրվի խաղալ իշխանությունների կեղծ քարոզչական թեզի օգտին, որոնք փորձում էին ընդդիմադիր տարբեր ուժերը ներկայացնել որպես մեկ միասնական ամբողջություն։ Միաժամանակ նա հավելել է, որ եթե իրական անհրաժեշտություն առաջանա, ապա ինքը ոչ մի խոչընդոտ չի տեսնում կալանքի տակ գտնվող Կարապետյանի հետ հանդիպելու համար։
«Ես երբեք անձնապես չեմ ընկերացել Սամվել Կարապետյանի հետ, բայց որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ՝ փաստաթղթերով տեսել եմ, որ Քըրք Քըրքորյանից հետո նա երկրորդ խոշորագույն բարերարն է, որը հաճախ երկրին նվիրաբերում էր ավելին, քան մնացած բոլորը միասին վերցրած»,– հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Նախկին նախագահը խոր վրդովմունք է հայտնել իշխանությունների գործողությունների կապակցությամբ, որոնք արարողների հանդեպ հարգանք սերմանելու փոխարեն փորձում են լիովին վարկաբեկել նրանց՝ հասարակության մեջ արհեստականորեն ատելություն բորբոքելով այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց հարստությունը ստեղծել են սեփական տաղանդով։ Քոչարյանը նման մոտեցումն անվանել է հանցագործություն, որը ոչնչացնում է երկրում բարեգործության բուն ինստիտուտը։
«Եթե հսկայածավալ բարեգործությանը պետության պատասխանը դառնում են դատարանները, բանտերն ու մարդուն բոմժ սարքելու փորձերը, ուրեմն ցանկացած այլ գործարարի մեջ օրինաչափորեն հարց կառաջանա, թե ինչու ընդհանրապես միջոցներ ծախսել Հայաստանի վրա», – եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։











