Խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում տեխնիկական խախտումները չարտացոլվեցին դրանց արդյունքների վրա: Այդ մասին այսօր` մայիսի 7-ի մամլո ասուլիսում հայտարարել է ICES ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնի դիտորդ Աննա Չուրդովան (Չեխիա):
Չուրդովան տեղեկացրել է, որ նախկինում էլ է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրել: Նրա խոսքով` Հայաստանում նկատվում է առաջընթաց ինչպես ընտրական գործընթացի անցկացման, այնպես էլ քաղաքական մշակույթի մակարդակի բարձրացման եւ ընտրողների դաստիարակության առումներով:
«Մենք բարձր ենք գնահատում տեղի ունեցած ընտրությունները եւ կարծում ենք, որ նրանք անցել են հանդուրժողականության եւ եվրոպական չափանիշներին համապատասխան մթնոլորտում», - հայտարարել է Չուրդովան:
Նա ընդգծել է, որ երկրում հեռուստատեսությամբ հավասար իրավունք է տրամադրված եղել քաղաքական բոլոր ուժերին, նրանք հնարավորություն են ունեցել լիարժեք ներկայացնել իրենց ծրագրերը, որը մեծապես նպաստել է լավ մթնոլորտի ձեւավորմանը:
Նորմալ մթնոլորտ է դիտարկվել նաեւ ընտրատեղամասերում, որտեղ չեն գրանցվել կռիվներ եւ պատահարներ, իսկ ընտրության եւ ձայների հաշվման գործընթացին կարողացել են հետեւել կուսակցությունների վստահված անձինք, ինչպես նաեւ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Չուրդովան դրական է գնահատել նաեւ փոփոխությունները երկրի Ընտրական օրենսգրքում, ընդգծելով, որ ընտրական օրենսգիրքը բազմաթիվ դրական դրույթներ է պարունակում, որոնք չկան շատ եվրոպական երկրների ԸՕ-ներում: «Գլխավորապես դա վերաբերում է ընտրությունների մասնակիցների ունեցվածքին», - ավելացրել է նա:
Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Խորհրդարանում կա 131 պատգամավոր, օրենսդիր մարմինը ձեւավորվում է խառը ընտրական համակարգով` 90 մանդատ համամասնական ցուցակով, 41` մեծամասնական: Ընթացիկ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 8 քաղաքական կուսակցություններ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, «Միավորված հայեր», եւ մեկ բլոկ` Հայ ազգային կոնգրեսը: Քվեարկության մոնիտորինգն անցկացրել են 31 418 դիտորդներ 53 տեղական կազմակերպություններից, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված 11 տարբեր միջազգային կազմակերպությունների եւ դեսպանությունների 647 ներկայացուցիչներ:




























