Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Այդ մասին մայիսի 7-ին հայտարարել է ICES ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնի դիտորդ Լիդիա Լոուսոնը:

Նրա խոսքով` ընտրություններին քվեարկության գործընթացն անցել է առանց խախտումների: Միաժամանակ նա նշել է, որ որոշ ընտրատեղամասերում ընտրական հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման ընթացքում բացթողումներ են եղել, եղել են դեպքեր, երբ վստահված անձինք միջամտել են  ընտրական գործընթացին:  «Եղել են դեպքեր, երբ քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ սխալ մոտեցում են ցուցաբերել»:

Լոուսոնը նաեւ նշել է, որ շատ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիրներ են ծագել` կապված  քվեարկող քաղաքացիների անձնագրերի կնիքների հետ, որոնք անհետացել են  2 ժամ անց,  սահմանված 12 ժամի փոխարեն: Դիտորդը նաեւ նշել է, որ իրավիճակը կայունացվել է կնիքների համար թանաքը փոխելուց հետո:

Ըստ նրա` կազմակերպխության դիտորդների ներկա գտնված բոլոր ընտրատեղամասերում ընտրական հանձնաժողովների անդամները հարգանքով են վերաբերվել դիտորդներին: Նշենք, որ առաքելությունն ընտրատեղամասեր էր այցելել երկրի խոշոր քաղաքներում` Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում:

Նշենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան  5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Խորհրդարանում կա 131 պատգամավոր, օրենսդիր մարմինը ձեւավորվում է  խառը ընտրական համակարգով` 90 մանդատ համամասնական ցուցակով, 41` մեծամասնական: Ընթացիկ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 8 քաղաքական կուսակցություններ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն,  «Միավորված հայեր», եւ մեկ բլոկ` Հայ ազգային կոնգրեսը: Քվեարկության մոնիտորինգն անցկացրել են  31 418 դիտորդներ  53 տեղական կազմակերպություններից, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված  11 տարբեր միջազգային կազմակերպությունների եւ դեսպանությունների 647 ներկայացուցիչներ: