Հայաստանի ընտրական գործընթացի թափանցիկության բարձր մակարդակը վկայում է, որ երկրի ընտրական մարմինները թաքցնելու բան չունեն: Նման տեսակետ այսօր` մայիսի 7-ի մամլո ասուլիսում հայտարարել է ICES ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնի դիտորդ Մատեուշ Պիսկորսկին (Լեհաստան):

Նրա գնահատմամբ` ընտրությունների անցկացման մակարդակը համապատասխանում էր Կենտրոնական Եվրոպայի չափանիշներին եւ վկայում էր երկրում զարգացած քաղաքական համակարգի մասին: Նա ընդգծել է, որ Հայաստանում կուսակցական համակարգերի զարգացածության աստիճանը հետխորհրդային տարածքում ամենաբարձրերից մեկն է: Միաժամանակ դիտորդը հավելել է, որ նախկին ԽՍՀՄ երկրներում, մասնավորապես Հարավային Կովկասում, կուսակցական համակարգ ընդհանրապես չկա: Պիսկորսկին նշել է նաեւ ընտրողների ակտիվ մասնակցությունը, որը եւս վկայում է  ժողովրդավարության զարգացածության մակարդակի եւ ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիների վստահության մասին:

«Մենք զրուցել ենք բազմաթիվ  ընտրողների հետ, համարյա բոլորն իրենց պարտքն են համարել հետեւել ընտրությունների ընթացքին», - տեղեկացրել է նա, ընդգծելով, որ նման պայմաններում լուրջ զեղծարարություններ լինել չէր կարող: 

Այն հարցին, թե ինչպիսին է դրությունը Ադրբեջանի ընտրական գործընթացի համեմատությամբ, Պիսկորսկին նշել է, որ չի կարող համեմատել, քանի որ երկու երկրներում իրադրությունը ծայրաստիճան տարբերվում է: «Մենք խոսում ենք Հայաստանի մասին `որպես ժողովրդավարական երկրի», - հայտարարել է նա, ավելացնելով, որ միայն ժողովրդավարական երկրներում կարելի է դիտորդական առաքելություն ծավալել: 

Իր հերթին, Ընտրական համակարգերի Միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդ Յոհան Շթալդերը նշել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները եղել են ամենալուսաբանված ընտրական գործընթացը:

«Ես դեռ երբեք չէի եղել ընտրություններում, որտեղ այդքան շատ դիտորդներ կային: Մենք եղել ենք ընտրատեղամասերում, որտեղ միաժամանակ ներկա են գտնվել 3 միջազգային կազմակերպության դիտորդներ», - նշել է Շթադլերը, ավելացնելով, որ կասկածում է, որ Հունաստանում կամ Ֆրանսիայում ընտրություններին այդ քանակությամբ դիտորդներ հետեւած լինեն:  Նա ընդգծել է, որ հաճելիորեն զարմացած է եղել Հայաստանում ժողովրդավարության առաջընթացով: