Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները եղել են բաց, ազատ եւ մրցունակ: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ-ի ՄԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը:
«Կարծում եմ, որ դա կարեւոր քայլ էր երկրում ժողովրդավարության եւ պլյուրալիզմի ամրապնդման գործում», - նշել է առաքելության ղեկավարը:
Ըստ նրա` քվեարկության ընթացքը համապատասխան է եղել երկրի Ընտրական օրենսգրքին եւ հանգիստ մթնոլորտում է անցել: Նա նշել է նաեւ ԱՊՀ-ի ՄԽՎ-ի դիտորդների կողմից առանձնացված մի շարք խախտումների մասին: «Ես խոսում եմ այն խախտումների մասին, որոնք բացահայտվել են մեր դիտորդների կողմից, այլ ոչ թե լրատվամիջոցներում գրվածների մասին», - նշել է Վլադիմիր Գարկունը:
Մասնավորապես, ըստ նրա, ընտրատեղամասերից մեկում արկղը փակված է եղել, բայց ոչ կնքված: Խնդիրներ են եղել ընտրողների անձնագրերի կնիքների հետ: Ընդ որում` դիտարկող խմբի ղեկավարը նշել է ԿԸՀ-ի օպերատիվ պատրաստակամությունը: «Մի շարք դեպքերում լուրջ հերթեր էին գոյացել, սակայն դա, հավանաբար, պայմանավորված էր օրվա որոշակի ժամերին ընտրողների բարձր ակտիվությամբ», - նշել է Վլադիմիր Գարկունը: Ընդ որում` նա նշել է, որ հայտնաբերված խախտումները հաճախադեպ չեն եղել:
Մայիսի 6-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունն իրականացրել են 53 տեղական կազմակերպությունների 31 418, ինչպես նաեւ Հայաստանում Հավատարմագրված 11 տարբեր միջազգային կազմակերպությունների եւ դեսպանությունների 647 դիտորդներ:




























