Al Jazeera Media Network հեռուստաալիքը հայտնել է, որ Al Jazeera Mubasher ալիքի օպերատոր Ահմեդ Վաշահը զոհվել է Գազայի հատվածի կենտրոնական մասում, Բուրեյջ ճամբարում գտնվող տանը հասցված իսրայելական հարվածի հետևանքով։

Մեդիա ցանցի հայտարարությունում տեղի ունեցածը բնորոշվել է որպես «կանխամտածված սպանություն»։

Al Jazeera-ում նշել են, որ Ահմեդ Վաշահի մահը տեղի է ունեցել նրա եղբոր՝ Մոհամեդ Վաշահի մահից երկու ամիս անց․ վերջինս աշխատում էր որպես Al Jazeera Mubasher-ի թղթակից և նույնպես զոհվել է Գազայում։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ահմեդ Վաշահը դարձել է Al Jazeera-ի տասներկուերորդ աշխատակիցը, որը զոհվել է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր։

«Al Jazeera-ն դատապարտում է Գազայում իր թղթակիցների և աշխատակիցների դեմ իսրայելական օկուպացիոն ուժերի շարունակվող հանցագործությունները և կրկին կոչ է անում միջազգային հանրությանը և իրավական կառույցներին անհապաղ գործնական քայլեր ձեռնարկել՝ այս հանցագործություններին առնչվող իսրայելացի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար», — նշվել է հայտարարությունում։

Հեռուստաալիքը նաև հայտարարել է, որ մտադիր է հասնել մեղավորների իրավական հետապնդմանը և ընդգծել է, որ կշարունակի լուսաբանել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ չնայած իր աշխատակիցների համար առկա սպառնալիքներին և ռիսկերին։