Հայաստանում ստեղծվել էին բոլոր պայմանները` ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար: Այս մասին հայտարարել է ԱՊՀ միջխորհրդարական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը:
Նրա խոսքով, երկարաժամկետ դիտորդներն այցելել են 26 ընտրատարածքներ Հայաստանի տարբեր շրջաններում, հանդիպել կուսակցության նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ, հետեւել ընտրությունների նախապատրաստման ընթացքին:
Գարկունի գնահատմամբ, Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ուղղված էին ընտրությունների գործընթացի ժողովրդավարացման մակարդակի բարձրացմանը, որն ազատ ընտրություններ անցկացնելու հնարավորություն տվեց: Նա նաեւ նշել է, որ մարտի 27-ից ընտրողները հնարավորություն ունեին ընտրացուցակներում ստուգել իրենց անունները, հավելելով, որ դա բավական երկար ժամանակ է նման հնարավորությունից օգտվելու համար:
Դիտորդական առաքելության ղեկավարի ներկայացմամբ, նախընտրական քարոզարշավը նույնպես քաղաքական ուժերի կողմից առարկություններ առաջ չի բերել: Քարոզարշավի ժամանակ եղել են ակտիվ հանդիպումներ, հանրահավաքներ, միաժամանակ նկատվել են թեկնածուների պաստառների պատռման դեպքեր:
Անդրադառնալով քվեարկության գործընթացին, նա նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ դիտորդները մոնիթորինգ են իրականացրել քվեարկության հենց սկզբից մինչեւ արդյունքների հաշվարկ: Նրա խոսքով, շուրջ 32 հազար տեղական եւ ավելի քան 600 միջազգային դիտորդները բավական մեծ թիվ են կազմել մոնիթորինգ անցկացնելու եւ պատկերացում կազմելու համար:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























