Մոսկվայում շարունակվում է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Ըստ ավանդույթի` Պաշտպանության նախարարի ներկայությամբ տեղի է ունեցել «միջուկային ճամպրուկի» հանձնումը նոր նախագահին եւ Գերագույն հրամանատարին: 

«Միջուկային ճամպրուկը»  համարվում է «Կազբեկ»  ռազմավարական միջուկային ուժերի կառավարման համակարգի բաղադրիչներից մեկը: Տվյալ սարքը, որը պահպանում է միջուկային զինանոցի գործողության համար անհրաժեշտ ծածկագրերը, պահպանվում է հատուկ մարդկանց կողմից, որոնց անվանում են օպերատորներ: Նրանք ամենուր ուղեկցում են առաջին դեմքերին, հայտնում է «Արգումենտի ի ֆակտին»: Գոյություն ունի այդպիսի ընդամենը երեք սարք, նրանք գտնվում են պետության ղեկավարի, պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի ղեկավարի մոտ: 

«Միջուկային ճամպրուկի» հանձնումից հետո Վլադիմիր Պուտինը կնոջ հետ այցելել է Բլագովեշչենսկի տաճար, որտեղ Մոսկովյան եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Հայրենիքին ծառայելու աղոթք է հղել:

Պատրիարքն աղոթքում  Աստծուց  օգնություն է խնդրել պետության  նորընտիր ղեկավարի համար  նրա բոլոր գործերում: Որպես ռուսական ուղղափառ եկեղեցու պարգեւ` պատրիարքը Պուտինին է հանձնել  Աստվածամոր հնագույն սրբապատկերի նմուշ: