Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին Երեւան ժամանած թուրքական Zaman-ի թղթակից Ջելիլ Սաղըրը նշել է, թե ընտրություններից հետո էլ շատ քիչ է հավանականությունը, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները տեղից շարժվեն։
Թուրք լրագրողը գրել է, որ հայ քաղաքական գործիչներն արձանագրությունների սառեցման հարցում մեղադրում են Թուրքիային, ով արձանագրությունների վավերացման համար Ղարաբաղի խնդրի լուծումը նախապայման է դնում։
Zaman-ի թղթակիցը մեջբերում է Հայաստանի խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանի խոսքը, ով շեշտել էր, որ ամեն տեսակ նախապայման խանգարում է գործընթացին եւ արձանագրությունների վավերացման համար պետք է կատարել պայմանավորվածությունը՝ արձանագրությունները վավերացնել առանց նախապայմանների։
Թուրք լրագրողն ընթերցողներին ներկայացրել է նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի խոսքը, թե Հայաստանի համար Ցեղասպանության ճանաչման եւ Ղարաբաղի խնդիրները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խնդրից ավելի կարեւոր են։
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը, Ջելիլ Սաղըրը նշել, որ Հովաննիսյանը դեմ է արձանագրություններին, սակայն կողմ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։




























