ՀԱԿ-ի գնահատականն ընտրություններ ընթացքին շատ դաժան է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` գնահատելով մայիսի 6-ի ընտրությունների ընթացքը:
Նրա խոսքով, մի ավանդույթ է ձեւավորվել արդեն մեր երկրում, որ ընտրությունները ժողովրդի համար բիզնես են դարձել: ՍԴՀԿ ատենապետի գնահատմամբ, մարդիկ ելնելով իրենց ընչազուրկ ու սոցիալական ծանր վիճակից, սպասում են համապետական ընտրություններին, որ քաղաքական ուժերն իրենց վճարեն ձայնի դիմաց:
«Այս անգամ, ուղղակի, ստեղծված իրավիճակը խայտառակ բնույթ էր կրում: Մրցակցությունն այնքան մեծ էր, որ եթե նախկինում բավարարվում էին 5 հազար դրամով այս անգամ մինչեւ 20 հազար դրամ հասավ ընտրակաշառքի չափը»,-ընդգծեց Լյուդմիլա Սարգսյանը:
Հարցին, թե ՀԱԿ-ը ստեղծված իրավիճակում կհրաժարվի՞ մանդատներից, թե կպահպանի, նա արձագանքեց. «Դեռ չեմ կարող ասել: Դա թիմային որոշում կլինի եւ կարծում եմ, որ դեռ շուտ է այդ մասին խոսել, քանի որ դեռ պետք է ընդհանուր իրավիճակը վերլուծենք: Սակայն միանշանակ է, որ աշխատեց փողի գործոնը, վախի մթնոլորտը եւ աշխատեց այն աջակցությունը, որ ուներ իշխանությունն Արեւմուտքից` դիտորդների տեսքով»: Լ. Սարգսյանը նաեւ նշեց, որ ընտրությունների կեղծման մի քանի էլեմենտներ էլ թարմացվել էին այս ընտրություններում:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը վաղը` մայիսի 8-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնում, որտեղ կներկայացնի ստեղծված իրավիճակը եւ իր անելիքները:
Նշենք, որ ՀԱԿ-ն ընտրությունների արդյունքում ստացել է 7,1 տոկոս ձայն, որի արդյունքում խորհրդարանում կունենա 7 պատգամավոր: ՀԱԿ-ի համամասնական ցուցակից պատգամավորական մանդատների հավակնողներն են՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ ՀԺ խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Եթե Տեր-Պետրոսյանը կամ, օրինակ Արամ Սարգսյանը հրաժարվեն իրենց մանդատներից, ապա նրանց փոխարեն ԱԺ-ում կարող են հայտնվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:




























