Իրավապահները մեր տուն են եկել առավոտյան ժամը 8–ին, դուռը կինս է բացել. Բավականին մեծ քննչական խմբով էին, շենքն էլ էին շրջափակել պարկինգով, բայց դիմակավորված չէին։ Այս մասին այսօր՝ հունիսի 23–ի, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մանրամասներ ներկայացնելով այսօր վաղ առավոտյան իր տան խուզարկությունից։
«ԴԱՀԿ–ն նախընտրական շրջանում ամբողջությամբ ապօրինի պահանջ է ինձ ներկայացրել՝ ապօրինի գույքի շրջանակներում, մենք պարզաբանում ենք պահանջել։ Նախ ի սկզբանե այդ գործն է ապօրինի հարուցված, որովհետև ես մեր երկրում հայտարարագրվող բարձր պաշտոն չեմ զբաղեցրել 2018 թվականից առաջ։ Երկրորդը, որ պատկերացնեք, 2018 թվականից սկսած ասում են, որ ես աշխատել եմ Ազգային ժողովում պատգամավորի օգնական, ընդ որում մի հատվածն էլ հասարակական սկզբունքով, օգտագործել եմ իմ դիրքը, ապօրինի հարստացել եմ, ու 2018 թվականից սկսած ինձ, ընտանիքիս, հարազատներիս, ինչ ունեն, չունեն, կալանքի տակ են վերցրել։
Որպեսզի ավելին պատկերացնեք, այն պահանջը, որ ինձ ներկայացրել են, դրանից 10 անգամ ավել գույք արդեն կալանքի տակ են վերցրել։ Հիմա էլ եկել, ասում են՝ կանխիկ գումար ունես, դա էլ պիտի վերցնենք։ Օրինակ, իմ բնակարանի, կարծեմ 9% են ապօրինի ճանաչել, այսինքն մնացած հիմնավոր է եղել։ Այսինք բալկոնս ապօրինի է հիմա, կամ պարկինգի 11%–ը։ Հիմա էլ եկել են, ասում են՝ կանխիկ գումար ես հայտարարագրել, դա տուր։
Նախընտրական շրջանում են այս ամենն սկսել։ Մենք չենք հրաժարվել, բայց ասել ենք՝ բացատրեք ինչի, մեր իրավունքներն ենք փորձել պաշտպանել։ Գործը գտնվում է վարչական դատարանում բողոքարկման տակ, իրենք այսպես շատ արագ շըփ-թըփ գործ են հարուցում, եկել են խուզարկության»,– հայտարարեց Սաղաթելյանը։
Նա նկատեց, որ իշխանությունները ոչինչ չգտնելով, գնացել, հասել են 91 թիվ, կոլխոզների ժամանակ իր պապի ձեռք բերած կովերից են սկսել»,–ասաց նա։











