Ադրբեջանում մայիսի 7-ին գրանցվել է չորրորդ երկրաշարժը Զաքաթալա շրջանում` 4.0 մագնիտուդով: Վերջին ցնցումը գրանցվել է Զաքաթալայից 18 կմ հարավ-արեւմուտք:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Հայաստանի ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի տվյալներով`առաջին եւ ամենաուժեղ ստորերկրյա ցնցումը 5,9 մագնիտուդով գրանցվել էր ժամը 08:40-ին` Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Հիպոկենտրոնը գտնվել է Ադրբեջանի տարածքում: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ, կան ավերածություններ:
Նախնական տվյալներով` երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում 3-4 բալ ուժգնությամբ:
Հաջորդ երկրաշարժերը գրանցվել են տեղական ժամանակով 10.39-ին (09.39 երեւանյանով) եւ 10.42-ին (09.42 երեւանյանով): Նրանց մագնիտուդը համապատասխանաբար կազմել է 4.5 եւ 4.2:
Զաքաթալայի շրջանում երկրաշարժերի շարքի հետեւանքով բժշկական օգնության են դիմել 15 մարդ, ծանր վիրավորվածներ չկան, հայտնում է Trend-ը: Աղետի հետեւանքով որոշ գյուղերում ավերվել են տները: Բացի դրանից, բազմաթիվ մասնավոր բնակելի տներում եւ շրջկենտրոնի բազմահարկ շենքերում, ինչպես նաեւ գյուղերի շինություններում ճաքեր են առաջացել, վնասվել են տների տանիքները:
Ինչպես հայտնում է Turan-ը, ստորերկրյա ցնցումների շարքից հետո բնակչությունը խուճապի մեջ է եւ վախենում է տուն մտնել: Դեպքի վայրեր են ժամանել ԱԻՆ-ի ներկայացուցիչները, նրանք ոչ մի հրահանգ չեն տվել, եւ տեղի բնակիչները շփոթված ու վախեցած են:




























