Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած աջ կենտրոնամետ «Նեա դեմոկրատիա» (Նոր ժողովրդավարության) կուսակցության ղեկավար Անդոնիս Սամարասը երկրի նախագահ Կարոլոս Պապուլիասից նոր կառավարություն ձեւավորելու մանդատ է ստացել:
Ընտրությունների վերջնական արդյունքներով, «Նեա դեմոկրատիան» ստացել է 19 տոկոսից պակաս ձայն եւ 300 հոգանոց խորհրդարանում 108 հոգանոց խմբակցություն:
Փաստորեն ՆԴ-ն եւ ՊԱՍՕԿ-ը միակ կուսակցություններն են, որոնք հավատարիմ են մնում միջազգային վարկատուների «եռյակին» (ԵՄ, ԵԿԲ եւ ԱՄՀ): Սակայն նրանք միայն 149 տեղ են ստացել խորհրդարանում, իսկ կայուն կոալիցիայի համար անհրաժեշտ է առնվազն 151 տեղ: Արդյունքում ծայրահեղ խնդրահարույց է դառնում միայն ՆԴ-ի եւ ՊԱՍՕկ-ի ձեւավորած կոալիցիոն կառավարությունը` խիստ տնտեսման քաղաքականությունը շարունակելու առումով:
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը հրաժարական էր տվել, որպեսզի ճանապարհ բացեր նոր կառավարության ձեւավորման համար: Պապադիմոսը վարչապետ էր 2011 թվականի նոյեմբերից: Հենց նա է ապահովել ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի նոր 170 միլիարդանոց վարկերը` հունական տնտեսության կայունացման եւ շուրջ 100 միլիարդ եվրո պետական պարտքը մասնավոր վարկատուների առաջ մարելու համար:
Մինչդեռ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Փիա Արենքիլդե Հանսենը հայտարարել էր, որ Հունաստանի նոր կառավարությունը պետք է ամբողջովին կատարի բյուջետային իր պարտավորությունները:




























