Անցած տարվա ընթացքում Կանադա-Եվրասիական առևտրային պալատը ձևավորվել է որպես կարևոր հարթակ Հայաստանի, Կանադայի և Եվրասիայի միջև գործարար համագործակցության համար՝ միավորելով բազմաթիվ ընկերություններ և մասնագետներ ներդրումների, առևտրի, կրթության և նորարարությունների ոլորտում։ Դրա մասին կազմակերպության տարեդարձին նվիրված ամփոփիչ միջոցառման ժամանակ հայտարարել է Կանադա-Եվրասիական առևտրային պալատի (CECTE) գլխավոր քարտուղար Արշակ Խուդավերդյանը։
Ամփոփելով գործունեության առաջին տարին՝ գլխավոր քարտուղարը թվերով ներկայացրել է կառույցի աշխատանքի առանցքային արդյունքները։ Այսօրվա դրությամբ պալատին միացել են ավելի քան 40 կազմակերպություններ, իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ներկայացնում են տնտեսության ավելի քան 10 տարբեր ոլորտներ, իսկ պալատի ռազմավարական գործընկերներն են դարձել ավելի քան 15 խոշոր ընկերություններ։ Հաշվետու ժամանակահատվածում անցկացվել է 5 խոշոր պրոֆիլային միջոցառում, վեբինարների շարք և ավելի քան 20 ուղիղ գործարար հանդիպում պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջև։
Արշակ Խուդավերդյանը հատուկ շնորհակալություն է հայտնել կազմակերպության առանցքային գործընկերներին՝ առանձնացնելով Կանադա-Եվրասիական բիզնես դաշինքը՝ հանձին տիկին Դոմբրովսկայայի, և Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին, որի ղեկավարությամբ կանադական դիվանագիտական առաքելությունն առաջին իսկ օրերից համակողմանի աջակցություն է ցուցաբերել պալատի նախագծերին։ Գործարար օրակարգի ձևավորմանն ակտիվորեն մասնակցել են նաև Հայաստանի ԱԳՆ-ն, առևտրային հանձնակատարի գրասենյակը, Օնտարիոյի և Տորոնտոյի հայկական բիզնես ասոցիացիաները, կանադական համայնքը և Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
Պալատի ինստիտուցիոնալ աջակցությունը տարվա ընթացքում տնտեսության մի քանի առանցքային սեկտորներ է ընդգրկել
Հանքարդյունաբերության ոլորտում արդյունավետ համագործակցություն է հաստատվել Հայաստանի հանքագործների և մետաղագործների ասոցիացիայի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Ռուսալ-Արմենիա» ընկերության հետ, որոնց ներկայացուցիչները պալատի աջակցությամբ մասնակցել են կանադական պրոֆիլային ֆորումներին։ Կրթության ոլորտում համատեղ նախագծեր են մեկնարկել Երևանի պետական բժշկական համալսարանի, Բրիտանական Կոլումբիայի համալսարանի և Օտտավայի համալսարանի միջև, իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը սկսել է փոխգործակցություն Բրոկ համալսարանի հետ՝ գինեգործության բնագավառում։ Բացի դրանից, պալատն աջակցություն է ցուցաբերել Discovery Academy և Alexander Academy կառույցներին՝ հայաստանյան շուկա մուտք գործելու և տեղի ուսանողների համար կանադական կրթության հնարավորությունները ներկայացնելու հարցում։
«Տարվա աննախադեպ ձեռքբերումներից մեկը դարձավ կանադական SLV International դիստրիբյուտորի և SAS Group-ի միջև համագործակցությունը, որի արդյունքում հայաստանյան շուկա առաջին անգամ ներմուծվեց ավելի քան 50 անուն կանադական ապրանք և ըմպելիք»,- նշել է Արշակ Խուդավերդյանը։
Տարվա մյուս կարևոր արդյունքների թվում գլխավոր քարտուղարը հիշատակել է ArmGet ՏՏ ընկերության մասնակցությունը Վանկուվերի տեխնոլոգիական ֆորումին և հայ-կանադական Maple Leaf բժշկական կենտրոնի համագործակցության մեկնարկը կանադական հանրահայտ Sunnybrook կլինիկայի հետ։
Խոսելով հաջորդ տարվա ծրագրի մասին՝ Արշակ Խուդավերդյանը որպես առաջնահերթ ուղղություններ մատնանշել է զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացումը։ Ներկայում պալատն ակտիվ բանակցություններ է վարում Ալբերտա նահանգի ներդրումային գործակալության՝ Alberta Invest-ի հետ՝ կանադական կապիտալ ներգրավելու և առևտրային առաքելություններ կազմակերպելու համար։ Մշակվում է նաև փոխգործակցությունը Օնտարիոյի առևտրային պալատի հետ, իսկ հաջորդ տարի CECTE-ն նախատեսում է մասնակցել Միջազգային առևտրային պալատների համաշխարհային ֆորումին՝ պահպանելով հիմնական շեշտադրումը Հայաստանում և տարածաշրջանում կանադական տեխնոլոգիաների ու ապրանքների առաջմղման վրա։











