ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևի ընդունումը ժամանակավրեպ և անիմաստ էր, իսկ դրան աջակցած սենատորները այդպիսով օգնություն են ցուցաբերել Վաշինգտոնի հակառակորդներին։

«Այս սենատորները միայն բարդացրել են իմ աշխատանքը, բայց ես կհաղթահարեմ, այսպես թե այնպես, որովհետև ես միշտ հաղթահարում եմ»,- չորեքշաբթի Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Թեհրանն այժմ պատրաստ է Վաշինգտոնին տալ «գործնականում ամեն ինչ՝ տասնամյակների ընթացքում առաջին անգամ հարգանք ցուցաբերելով Միացյալ Նահանգների և նրա նախագահի նկատմամբ»։

Նա հավելել է, որ բանաձևի քվեարկությունը, որը կոչ է անում իրեն դադարեցնել ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը Իրանի դեմ մարտական գործողություններ վարելու համար, եղել է «ժամանակավրեպ և անիմաստ»։

Նախագահի խոսքով՝ այն սենատորները, որոնք կողմ են քվեարկել բանաձևին, «օգնություն և աջակցություն են ցուցաբերում թշնամուն»։