Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնը ստանձնելու, ինչպես նաեւ Հաղթանակի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ պետության ղեկավարի պաշտոնում Ձեր ընտրվելը կապահովի քաղաքական ուղեգծի շարունակականությունը եւ ռուսաստանյան հասարակության կայուն զարգացումը: Մաղթում եմ Ձեզ հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներում նորարարական գաղափարների իրագործում եւ նախանշած բոլոր նպատակների իրականացում:
Հարգելի պարոն Նախագահ,
Ցանկանում եմ նաեւ սրտանց շնորհավորել Ձեզ եւ բոլոր ռուսաստանցիներին մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ: Ինձ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակցի զավակի համար առանձնակի թանկ է մեր ժողովուրդների միջեւ առկա վստահության եւ փոխօգնության ոգին, որը կոփվել է պատերազմի դաժան տարիների ընթացքում եւ այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ռազմավարական բնույթը կանխորոշող գործոններից է: Այդ հարաբերությունները լիովին համապատասխանում են մեր ժողովուրդների արմատական շահերին` հանդիսանալով մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պահպանման երաշխիքը:
Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ համատեղ աշխատանքի եւ այն աջակցության համար, որ մշտապես ցուցաբերել եք մեզ»:




























