«Վ.Թ.-ն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ի (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) որոշումը չափազանց կարևոր իրավական և քաղաքական նշանակություն ունի։ Այս մասին հունիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Սահակյանը նշել է, որ ՄԻԵԴ-ը պահպանել է սպանվածի ընդհանուր տվյալների գաղտնիությունը, սակայն լրատվամիջոցների շնորհիվ հանրությանը հայտնի է դարձել, որ խոսքը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ սպա Հայկ Թորոյանի սպանության մասին է։ Թորոյանը գերեվարվել էր, ինչից հետո ադրբեջանցի զինվորականները կտրել էին սպայի ձեռքերի դաստակները, ապա գլխատել նրան։
Հայցը ներկայացվել էր անհատական կարգով, իսկ 2017 թվականին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել գործին մասնակցել որպես երրորդ կողմ։
Արաքս Մելքոնյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների վերաբերյալ ՄԻԵԴ է ներկայացվել ընդհանուր առմամբ 22 հայց։ «Թորոյանը զինամթերք տեղափոխելու ժամանակ հարձակման է ենթարկվել դիվերսիոն խմբի կողմից։ Նա ոտքի շրջանում ծանր վիրավորում է ստացել և չի կարողացել դիմադրություն ցույց տալ։ Ադրբեջանցիները կտրել են ձեռքերի դաստակները, ապա՝ գլխատել նրան։ Այս որոշումը չափազանց կարևոր է պատերազմական հանցագործության փաստն արձանագրելու համար։ ՄԻԵԴ-ն արձանագրել է դրա ծանրությունը։ Ադրբեջանցի զինծառայողները ներխուժել են Թալիշ գյուղ և հարձակվել քաղաքացիական անձանց վրա. այս սպանությունները և դիակապտությունն ու մարմնի անդամահատումը փոխկապակցված հանցագործություններ են։ ՄԻԵԴ-ն ընդունել է հայկական կողմի փաստարկները»,- նշել է Մելքոնյանը։ Նրա փոխանցմամբ՝ որպես ապացույցներ գործում առկա են հենց ադրբեջանցիների կողմից արված լուսանկարները, փորձաքննությունները, ինչպես նաև Թալիշի «զտման» վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները։ Նա ընդգծել է, որ անպատժելիության գործոնն այնքան ուժեղ է եղել, որ Սաֆարովի հերոսացումից հետո սա դարձել է նմանակման օրինակ։ Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, ավելին՝ Ադրբեջանի իշխանությունները պարգևատրել են հանցագործներին, և նրանք հանդիպումներ են ունենում երիտասարդների հետ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրվել է գերեվարված հայերի՝ զինվորականների, կանանց ու տարեցների գլխատման շուրջ 30 դեպք։ Մի շարք դեպքերում ադրբեջանցի զինվորներն իրենք են լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակել սոցիալական ցանցերում՝ հայերին ահաբեկելու նպատակով։ Սա մեծ ազդեցություն է ունեցել 2023 թվականի սեպտեմբերին արցախցիների՝ հայրենի տները լքելու որոշման վրա, քանի որ ակնհայտ է եղել, որ նրանց էթնիկ զտում է սպառնացել։
Իրավաբան Արա Ղազարյանը ՄԻԵԴ-ի որոշումն անվանել է պատմական, քանի որ այն ցույց է տալիս այն պատերազմի իրական դեմքը, որն Ադրբեջանը փորձել է ներկայացնել որպես ինքնապաշտպանություն։ «Սա ագրեսիվ պատերազմ էր։ ՄԻԵԴ-ը միանշանակ արձանագրում է, որ հանցագործությունը կատարվել է Ադրբեջանի կողմից՝ անկախ նրանից, թե ինչ կխոսեն Բաքվում։ Այս և հաջորդող որոշումները կասկածի տակ են դնում և հերքում են ինքնապաշտպանության մասին Ադրբեջանի պնդումների լեգիտիմությունը»,- հայտարարել է Ղազարյանը։
Իրավապաշտպանները համոզված են, որ դիվերսիոն խումբը հետ էր վերադառնում Թալիշից, որտեղ արդեն հասցրել էր սպանել տարեց Խալափյաններին։
Անդրադառնալով միջազգային դատական ատյաններում հայցերի վերաբերյալ կողմերի հնարավոր հրաժարմանը՝ Հասմիկ Հարությունյանը նշել է, որ խաղաղության օրակարգը չի վիճարկվում և չի հակադրվում այս գործընթացներին։ Նրա խոսքով՝ այս դատական գործերը կոչված են միայն ամրապնդելու խաղաղությունը, իսկ դրանցից հրաժարվելը կնշանակի հրաժարվել արդարադատությունից։ Պատմական տեսանկյունից՝ արժանապատիվ և արդար խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է արձանագրել իրավունքների նման խախտումները և ամրագրել վնասի փոխհատուցման մեխանիզմը, այլապես խաղաղությունը երկարակյաց չի լինի։ Նա ընդգծել է, որ 2020, 2022 և 2023 թվականներին նույն ձեռագրով նմանատիպ հանցագործությունների կրկնությունը վկայում է նպատակաուղղված քաղաքականության մասին և չի կարող անպատասխան մնալ։ Չի կարելի կարծել, թե հասարակություններն ու իշխանությունները կարող են առաջ շարժվել՝ արհամարհելով այս սարսափելի իրադարձությունները, նշել է նա։
Հայկուհի Հարությունյանն իր հերթին փաստել է, որ ՄԻԵԴ-ը ճանաչել է ոչ միայն հանցագործության փաստը, այլև կոնկրետ հանցագործ-ագրեսորի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը։ Ըստ նրա՝ այս և մյուս հանցագործությունների արձանագրումը կարևոր է նման քաղաքականության կրկնությունը բացառելու համար։ «Արձանագրվել է ազգային հողի վրա անհանդուրժողականություն, և դա բացահայտորեն դրսևորվել է մարմնի անդամների դիտավորյալ անդամահատմամբ»,- նշել է Հարությունյանը։
Ներկայումս ՄԻԵԴ-ի կողմից կայացվել է գրեթե նույնանման 9 որոշում, որոնք ակնառու կերպով ցույց են տալիս արդու իրավունքների նկատմամբ Ադրբեջանի կոնկրետ վերաբերմունքը։ Միջազգային հանրությունը պետք է հետևություններ անի, և սա պետք է դառնա քաղաքական դիսկուրսի մաս, կարծում են ՄԻԵԴ-ում տուժած կողմի ներկայացուցիչները։











