Սիրիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցության բարձր տոկոս է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Սուրիա» հեռուստակայանը, մայրաքաղաք Դամասկոսում եւ այլ խոշոր քաղաքներում ընտրատեղամասեր այցելողների մեծ հոսք է նկատվում եւ որոշ վայրերում հերթեր են գոյացել: Այս երկրում ընտրելու իրավունք ունի ավելի քան 15 մլն մարդ: Ընտրողների կեսից ավելին մինչեւ 30 տարեկան է:

Սիրիայի ՆԳ նախարար Մուհամեդ աշ-Շաարը հայտարարել է, որ ընտրությունների ընթացքը նորմալ մթնոլորտում է անցնում եւ մինչ այս պահը որեւէ արտառոց դեպք տեղի չի ունեցել:

Քաղաքագետները սպասում են, որ երկրի խորհրդարանի 250 հոգանոց կազմը զգալիորեն կհամալրվի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Սիրիայում ընտրողների ձայների համար իշխող կուսակցությանը զուգահեռ առաջին անգամ պայքարում են նաեւ խաղաղ փոփոխությունների կարգախոսով հանդես եկող կոալիցիոն ուժերը: Այդ կոալիցիայում են ընդդիմադիր ուժերը: