Հաղթանակի օրվա, Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգեւատրելու մասին:

Ըստ այդմ, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության եւ անձնական արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվել են 2 հոգի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 3 հոգի:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են 42 հոգի, որից 18-ը` հետմահու:

Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են 620 հոգի, որից 20-ը` հետմահու:

Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել են 57 հոգի, որից 8-ը` հետմահու:

«Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվել են 2 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 4 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 12 հոգի եւ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԱՄՆ):

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում է շնորհվել 1 հոգու:

Նույն օրը նա ստորագրել է նաեւ կարգադրություն 5 ազատամարտիկի ՎԱԶ-2115 մակնիշի ավտոմեքենաներ պարգեւելու մասին:

Երկրի ղեկավարը ստորագրել էր նաեւ կարգադրություն  մի խումբ պատերազմի վետերանների, Պաշտպանության բանակի զինծառայողների, Արցախի ազատամարտիկների, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, ընդհանուր թվով 200 հոգու, արժեքավոր նվերներ հանձնելու մասին: