Հայկական կողմը բավարարված է միջազգային դիտորդների` Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին զեկույցներով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրապ Մնացականյանը:
«Մենք հետաքրքրությամբ ծանոթացանք զեկույցների հետ եւ բավարարված ենք դրանց բովանդակությամբ», -ասաց փոխարտգործնախարարը` ավելացնելով, որ զեկույցներում նշվում են աշխույժ մրցակցային դաշտը, մամուլի ազատությանը, ԿԸՀ պրոֆեսիոնալ աշխատանքը, քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:
Ընտրությունները կարեւոր համարելով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համատեքստում` Մնացականյանը նշեց, որ դա առաջին հերթին ներքաղաքական խնդիր է, բայց նաեւ արտաքին քաղաքականության բաղադրիչ է, քանի որ ժողովրդավարական ինստիտուտների կայացումը հարաբերությունների օրակարգի կարեւոր հարցերից է: «Այս առումով մենք ակտիվորեն համագործակցում ենք բազմաթիվ գործընկերների հետ»,-նշեց փոխարտգործնախարարը: Նա նաեւ կարեւոր համարեց բազմաթիվ դիտորդների մասնակցությունը ընտրական գործընթացներին:
Փոխարտգործնախարարի խոսքով` եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունների օրակարգը շարունակելու է շատ ակտիվ լինել:
Պատասխանոլով հարցին, թե զեկույցներում տարբեր խախտումներ են մատնացույց արվել, Զ. Մնացականյանը նշեց, որ Հայաստանը գտնվում է ժողովրդավարական հաստատությունների կայացման ճանապարհին: «Եւ մենք համագործակցում ենք գործընկերների հետ` իրավիճակւը բարելավելու նպատակով»,-ավելացրեց նա:
Հարցին, թե կան զեկույցում կետեր, որոնց հետ հայկական կողմը համաձայն չէ, փոխարտգործնախարարն ասաց. «Ես զգույշ կլինեմ ձեւակերպումների մեջ, քանի որ կան նեղ մասնագիտական հարցեր: Կրկին անգամ բարձր գնահատելով ԿԸՀ աշխատանքը, նշեմ, որ որոշ հարցեր վերաբերում են ԿԸՀ-ին, եւ վստահ եմ, որ պատասխանները կան: Տվյալ պարագայում խոսքը այն մասին չէ, թե զեկույցում արված դիտողությունները ճիշտ են կամ սխալ: Կան հարցեր, որոնց հետ կարելի է չհամաձայնել, բայց դա երկխոսության գործընթաց է, եւ մենք կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել ոչ թե որպես դիմակայություն, այլ որպես համատեղ աշխատանք»,-նշեց փոխնախարարը:




























