Եմենում «Ալ Կաիդայի» խմբավորումը ծրագրել էր պայթեցնել Արաբական թերակղզուց ԱՄՆ ուղեւորվող ինքնաթիռը: Հարձակումը կանխել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Ահաբեկչությունը նախատեսվել էր Ուսամա բեն Լադենի մահվան տարելիցի օրը, որն սպանվել էր 2011 թվականի մայիսի 2-ին, հայտնել է ԿՀՎ-ն: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեիկյան հատուկ ծառայության աշխատակիցների եւ արտասահմանյան հետախուզության սերտ համագործակցության արդյունքում պայթուսիկ սարքը դուրս էր տարվել ԱՄՆ-ի սահմաններից:

Հայտնաբերված պայթուցիկ սարքը բաղկացած է եղել հզոր արդյունաբերական  պայթուցիկներից եւ մետաղ չի պարունակել, հետեւաբար, կարող էր չնկատվել մետաղաորոնիչի ստուգման ժամանակ, հաղորդում է BBC-ն:

Նոր պայթուցիկ սարքը հագուստի տակ պահվող պայթուցիկի կատարելագործված տարբերակն է, որը 2009 թվականի դեկտեմբերին անհաջող փորձել էր պայթեցնել նիգերիացի Ումար Ֆարուք Աբդուլմութալաբն Ամստերդամից Դեթրոյթ թռչող ինքնաթիռում, որտեղ կային 289 ուղեւորներ: Նիգերիացին ականն ինքնաթիռ էր բերել ներքնաշորերի մեջ: Պայթյունը պետք է օդում տեղի ունենար, սակայն սարքը չէր աշխատել, այլ ինքնահրկիզվել էր, որի արդյունքում  նիգերիացին լուրջ այրվածքներ էր ստացել: Անձնակազմին եւ ուղեւորներին հաջողվել էր վնասազերծել չարագործին: