Հայաստանում մայիսի 6-ին կայացած ընտրությունները ընտրություններ չէին, այլ ֆինանսական միջոցառում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց  քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: Մեկնաբանելով իր խոսքը` նա համեմատություն  անցկացրեց Ֆրանսիայի ընտրությունների հետ:

«Ինչ են ընտրությունները: Դա այն է, երբ բնակչությունը կամք է դրսեւորում եւ օրենքով իրեն տրամադրված իրավունքով փոխում է իշխանությունը: Ընտրություններին դրսեւորվում է հասարակության քաղաքական տրամադրվածությունը, ինչը տեղի ունեցավ Ֆրանսիայում: Հայաստանում ամեն ինչ այլ կերպ եղավ. կազմվեց ցանկալի սխեմա, որը հետո փողի օգնությամբ վերածեցին իրական պատկերի», - ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ իշխող կոալիցիան, ի դեմս ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի»  եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների, շարունակի իր գոյությունը, Բադալյանը նշեց, որ դա կախված է բացառապես ՀՀԿ-ի կամքից: «Հանրապետականների համար անիմաստ  է կոալիցիա ձեւավորելը, նրանք առանց այդ  էլ կարող են անել այն, ինչ ցանկանում են», - ընդգծեց նա:

Մեկնաբանելով խորհրդարանում նոր ուժի` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ի հայտ գալը, Արմեն Բադալյանը նշեց, որ լինել-չլինելը կարեւոր չէ:

«Ով էլ լինի օրենսդիր մարմնում, լծակները ՀՀԿ-ի ձեռքում են: Մնացածները միասին վերցրած էլ ոչինչ չեն կարող փոխել:  Ուզում են, թող դաշինքներ ձեւավորեն, միեւնույն է, մենիշխանությունը ՀՀԿ-ինն է», - կրկնեց Բադալյանը:

Ամփոփելով` քաղտեխնոլոգը նշեց, որ մայիսի 6-ը ցույց տվեց, թե որքան  դեգրադացված է հայ հասարակությունը: «Մարդիկ գնում են ոչ թե գաղափարի հետեւից, այլ` թե ով որքան փող կտա: Դա հստակ երեւաց հեռուստատեսության օրինակով. նույն ՀԱԿ-ը, որի մուտքը հեռուստատեսություն վաղուց արգելված էր, եթեր ստացավ` վճարովի, անվճար, նրանց հարցազրույցների հրավիրեցին... Դա ոչ մի կերպ չազդեց իրավիճակի վրա», - ամփոփեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: