ԱՄՆ Քալիֆորնիայի բնակչուհին ինքնասպանների համար հավաքածու է վաճառել, որի համար դատարանի վճռով դատապարտվել է 5 տարվա պայմանական ազատազրկման: Նման պատիժ նա ստացել է ոչ թե անբարոյական գործունեության, այլ հարկային օրենսդրությունը խախտելու համար: Բանն այն է, որ ամերիկյան օրենսդրությամբ ինքնասպանության ցանկություն ունեցողին աջակցությունը չի կարգավորվում:

Նախկին ուսուցչուհի 92-ամյա Շառլոթա Հայդորնն ինքնասպանության ցանկություն ունեցող իր հաճախորդներին վաճառել է ավելի քան 1300 հավաքածու, որի մեջ ներառված է հատուկ պլաստիկե փաթեթ, հելիում եւ պարզաբանում, թե ինչպես պետք է այն օգտագործել:

«Հավաքածուն» նա վաճառել է 40-60 դոլարով, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:

Հետաքննության ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի կինը խոստովանում է, որ 2007-ից հարկեր չի մուծել, այդ թվում «ինքնասպանների համար հավաքածուների» վաճառքից: Դատախազությունն, իր հերթին, քրեական գործ չի հարուցի 92-ամյա ամերիկուհու դեմ` ինքնասպանության 6 դեպքերի կապակցությամբ, որոնք կատարվել են նրա վաճառած հավաքածուների օգնությամբ: