Սան Ֆրանցիսկոյի դատարանի ատենակալների կոլեգիան հաստատել է, որ Google ընկերությունը Android ստեղծելիս խախտել է Oracle-ի հեղինակային իրավունքը:

Որոշում կայացվել է մեղադրականի չորս դրույթներից երեքի մասով միայն, որոնցից միայն մեկում են Google-ին մեղավոր ճանաչել. Համացանցային հսկան խախտել է Oracle-ի հեղինակային իրավունքը` Java լեզվով գրված 9 տողանոց կոդը Android օպերացիոն համակարգում կիրառելով: Կոլեգիան առանցքային մեղադրականի վերաբերյալ որոշում չի կայացրել, այն է` արդյոք Google-ը դուրս է եկել օրենքի շրջանակից, որը թույլ է տալիս կողմնակի կոդ փոխառել սեփական արտադրանք ստեղծելիս: Այսօրվա դրությամբ Google-ը կարիք չունի վերափոխել Android համակարգը, որով արդեն ավելի քան 300 մլն սմարթֆոններ են արտադրվել: Հայցվորը կարող 150-200 մլն դոլարի փոխհատուցում ստանալ ( հայցում 1 մլրդ է պահանջվում):

Փորձագետները նշում են, որ Google-ը կարող էր իրեն թույլ տալ վճարել Java կոդն օգտագործելու համար, որն անհատների համար անվճար, ընկերությունների համար` վճարովի է: Ինչպես հայտնում են Oracle-ի փաստաբանները, այլ ընկերությունները եւ մշակողները սովորաբար ստանում են open-source եւ կոմերցիոն լիցենզավորում Java-ի կիրառման համար, իսկ Google-ը միտումնավոր դա չի արել: Իսկ ըստ Google-ի, ներկայացուցիչների` Android-ի ստեղծման ժամանակ Java լեզվի համար վճարելը նույնն է, ինչ վճարել գիրք գրելու ժամանակ անգլերենի կիրառման համար: Դատական լսումների հաջորդ փուլը կդառնա պատենտների վերանայման գործը, եւ միայն դրանից հետո կլուծվի վնասի չափի հարցը, որն հասցվել է Google-ի գործողությունների արդյունքում: Գործընթացը, հավանաբար, կտեւի մինչեւ ամսվա վերջ: