Հայաստանի եւ նրան հարակից  շրջանների երկրակեղեւում 5,5 մագնիտուդ լարվածություն է կուտակվել: Այս մասին այսօր` մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը:

Նրա խոսքով, եթե այդ լարվածությունը լիցքաթափվի մեկ երկրաշարժով, դրա ուժգնությունը կկազմի 7-8 բալ:Խոսելով երեկ Վրաստանի  արեւմուտքում տեղի ունեցած 5,8 մագնիտուդով երկրաշարժի մասին, Պետրոսյանը նշել է,  որ Հայաստանի հյուսիս-արեւմտյան շրջաններում, որոնք ավելի մոտ են էպիկենտրոնին, այն զգացվել է  4 բալ ուժգնությամբ, իսկ  մեծ քաղաքներում` Երեւանում եւ Գյումրիում ` 3 բալ:Երկրաշարժը զգացվել է նաեւ Ադրբեջանում, իսկ հայկական սահմանից նրա էպիկենտրոնը  գտնվում էր ուղիղ գծով 115 կմ հեռավորության վրա: «Մինչ այդ երկրաշարժը, մայիսի 5-7-ին, տարածաշրջանում  ֆիքսվել էին մի քանի մանր ցնցումներ. 3-ն` Իրանում, 2-ը` Հայաստանում, 1-ը` Ադրբեջանում եւ 1-ը` Վրաստանի եւ Հայաստանի սահմանամերձ գոտում:

Սա  վկայում է  Հայաստանում սեյսմիկ ակտիվության որոշակի բարձրացման մասին: Սա պարբերական գործընթաց է, բնական ոչ միայն  տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի համար: Երկրի կեղեւը` կենդանի օրգանիզմ է եւ տեկտոնական սալերը գտնվում են  անընդհատ շարժման մեջ», - ավելացրել է Պետրոսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի