Ներկայումս քննարկվում է նոր խորհրդարանում կոալիցիա ձեւավորելու հարցը: Այսօր` մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա կարծիքով, ներկա պահին ակնհայտ է, որ առնվազն 6 կուսակցությունների ղեկավար մարմիններում քննարկվում է այդ հարցը: Ընդ որում, քննարկումներն ընթանում են ոչ միայն կուսակցությունների ղեկավար շրջանակներում, այլեւ կուսակցությունների միջեւ: «Մինչեւ մայիսի 6-ը կուսակցությունների դիրքորոշումները բավական պրիմիտիվ էին` վերցնենք, որքան կկկարողանանք, ուտենք, որքան կարող ենք կուլ տալ, հետո կերեւա: Հիմա, երբ արդեն հայտնի է ուժերի բաշխվածությունը, պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-նշեց քաղաքագետը, հավելելով, որ դա կարող է տարբեր կերպ տեղի ունենալ` հանրահավաքների, համաձայնագրեր կնքելու եւ այլ միջոցներով: Այս դեպքում, ըստ նրա, խոսքը համաձայնություն կնքելու մասին է:
«Լրագրողներին հետաքրքրում է հարցը, թե ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կկազմի՞ ՀՀԿ-ի հետ: Ես կարծում եմ, որ ավելի կարեւոր է հարցը, թե ԲՀԿ-ին կառաջարկե՞ն մտնել կոալիցիա»,-ասաց Իսկանդարյանը: Նրա խոսքով, նոր կոալիցիայի կազմը կախված կլինի նրանից, թե ինչ կառաջարկվի` նվաստացուցի՞չ պայմաններ կլինեն, թե՞ շահավետ:
Ընդհանուր առմամբ, քաղաքագետը վստահ է, որ թեեւ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմել, բայց կոալիցիա, բոլոր դեպքերում, կստեղծվի:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 6-ին, որին համամասնական ընտրակարգով մասնակցել է 9 քաղաքական ուժ: Ըստ նախնական տվյալների ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն: Մյուս երեք ուժորը չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը: Մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն հաղթել է 29 ընտրատարածքներում, ԲՀԿ-ն` 8, իսկ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը` մեկական ընտրատարածքներում:




























