«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ մեկնաբանություն չի անում ոչ միայն ընտրությունների ընթացքի, այլեւ իրենց կուսակիցների հայտարարությունների վերաբերյալ: ԲՀԿ համամասնական ընտրացուցակի 5-րդ համարը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը կոալիցիայի աննպատակահարմարության մասին:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ կւսակցությունը ընտրությունների ընթացքի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կանի միայն արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո:
Նշենք, որ Վարդան Օսկանյանը, ում վերջին շրջանի հայտարարություններն ակնհայտորեն հակասում են կուսակցության այլ ներկայացուցիչների ասածներին, «ՍիվիլՆեթին» տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությանը, ասել էր. «Ես կտրականապես դեմ կլինեմ նման կոալիցիային: Ես հաճախ եմ ասել, որ եթե մի քաղաքական ուժ միայնակ բացարձակ մեծամասնություն ունի, նրա հետ կոալիցիա կազմելը որեւէ խնդիր չի լուծում եւ որեւէ հակաշիռ չի ստեղծում խորհրդարանում»:




























