Ռուս ընդդիմադիրներ Ալեքսեյ Նավալնիին եւ Սերգեյ Ուդալցովին, որոնց բռնել էին մայիսի 8-ի գիշերը` մայրաքաղաքում անցկացվող ակցիայի ժամանակ, բաց են թողել: Ընդդիմադիրները մեղադրվում են «Ժողովներ, հանահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու կամ կազմակերպելու սահմանված կարգը խախտելու համար», հաղորդում է  «Կոմերսանտը»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները ձերբակալվել էինմայրաքաղաքի կենտրոնում կազմակերպած ակցիայի ժամանակ: Իսկ մեկ օր առաջ նրանց ձերբակալել էին ոստիկանությանը չենթարկվելու համար` ընդդիմադիրների «միլիոնների երթի» ընթացքում: Հաշտարար դատավորի որոշմամբ  նրանք տուգանվել են:

Ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո նրանք միանգամից ուղեւորվել են Չիստիե պրուդի, որտեղ հանդիպել են համախոհների հետ: «Նավալնին մարդկանց կոչ է արել պարզապես զբոսնել  զբոսայգիներով առանց որեւէ խորհրդանիշի»,- հաղորդում է թղթակիցը: Այն հարցին, թե որն է այդ  «զբոսանքների» նպատակը, Նավալնին պատասխանել էր. «Ռուսաստանում ժողովրդավարության հաղթանակը», հայտնում է   «gazeta.ru»-ն:

«Բեկել իրավիճակը, այնպես անել, որ մարդիկ կարողանան ազատ զբոսնել, եւ որ նրանց դրա համար չձերբակալեն», – ավելացրել է Ուդալցովը: