Բելգիայում դատական գործ է պատրաստվում Միխայիլ Սահակաշվիլիի դեմ, որը կարող է նրան զրկել թագավորության տարածք մուտքի հնարավորությունից, հետեւաբար նաեւ Եվրամիության կառույցներից եւ Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի գրասենյակից:

Գործընթացի նախաձեռնողը արտաքսման մեջ գտնվող վրացի իրավապաշտպան եւ անկախ վրացական «Օբյեկտիվ» մեդիա-միության ներկայացուցիչ Մերաբ Բլադաձեն է: Նա հայտնել էր, որ Սահակաշվիլին մեղադրվում է  մարդկության դեմ հանցագործությունների մեջ, մասնավորապես 2007 թվականի ընտրությունների արդյունքների կեղծումը, 2008 թվականին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտնելը, ընդդիմության նկատմամբ հաճախադեպ ճնշումները:

Ըստ Բլադաձեի` Վրաստանում այժմ կան 93 քաղբանտարկյալներ, որոնցից 19-ը պաշտոնապես ճանաչվել են «խղճի բանտարկյալներ» մարդու իրավունքների Միջազգային դաշնության կողմից: Նա հայտնել էր, որ գործի բոլոր նյութերը հավաքվել են, եւ գործընթացը կսկսվի  ամսվա ընթացքում:  «Մեր բելգիական փաստաբանները վստահ են հաջողության մեջ: Մենք կփակենք Սահակաշվիլիի մուտքը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի գրասենյակներ», - հայտարարել է վրաց իրավապաշտպանը:

Ինչպես նշում է «Ռոսիսկայա գազետան», բելգիական դատարանը  յուրօրինակ իրավունք ունի, որի մասին օրենքն ընդունվել էր  1993 թվականին: Դա հնարավորություն է տալիս գործ հարուցել աշխարհի ցանկացած քաղաքացու դեմ, ներառյալ արտասահմանյան պետական գործիչներին, ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործությունների  համար: