ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը կրկին ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության աջակիցների առջև՝ կտրուկ քննադատելով նախագահ Դոնալդ Թրամփին։ Սակայն ելույթի ավարտից հետո նրան կրկին օգնություն է անհրաժեշտ եղել, որպեսզի կողմնորոշվի և հեռանա բեմից, գրում է New York Post-ը։
Բայդենը, որը 2024 թվականին հրաժարվել էր մասնակցել նախագահական ընտրապայքարին Թրամփի հետ անհաջող բանավեճից և կուսակիցների ճնշումից հետո, ելույթ է ունեցել Fight Back & Win գագաթնաժողովում, որը կազմակերպվել էր Մերիլենդ նահանգի Դեմոկրատական կուսակցության կողմից Բալթիմորի մերձակայքում։ Իր խոսքում նա պաշտպանել է իր նախագահության արդյունքները և քննադատել ներկայիս վարչակազմի քաղաքականությունը։
Մասնավորապես, Բայդենը Թրամփին մեղադրել է «ՆԱՏՕ-ի նպատակային քայքայման» մեջ և Սպիտակ տան մոտ նոր պարահանդեսային սրահի կառուցումն անվանել «փառասիրության նախագիծ»։ Նա նաև ծաղրել է Սպիտակ տան տարածքի վերակառուցման ծրագրերը՝ հայտարարելով, որ Թրամփը «վարձել է իր անձնական լողավազանների մասնագետին, որպեսզի կարգի բերի արտացոլող ավազանը», ապա հավելել է․ «Ի՜նչ անհաջողակն է»։
Ավարտելով ելույթը ամերիկացիների՝ դժվարությունները հաղթահարելու ունակության մասին ավանդական խոսքերով՝ Բայդենը շփոթվել է՝ փորձելով հասկանալ, թե որ կողմով պետք է հեռանա բեմից։ Նա նայել է շուրջը, ցույց տվել երկու ուղղությամբ՝ կարծես ճշտելով ճանապարհը, ապա հեռացել է բեմից՝ մեջքով շրջվելով դեպի դահլիճը։
Սա տեղի է ունեցել Չիկագոյում Բարաք Օբամայի նախագահական գրադարանի բացվելուց ընդամենը մի քանի օր անց, որտեղ Բայդենը նույնպես հայտնվել էր անհարմար իրավիճակում․ միջոցառման ավարտից հետո նա բեմից շփոթված հարցրել էր. «Որտե՞ղ է իմ թոռնուհին», իսկ հետո նրան օգնել էր նախկին առաջին տիկին Ջիլ Բայդենը։
Շաբաթ օրվա ելույթի ընթացքում 83-ամյա Բայդենը օգտվել է հեռահուշարարից, ժամանակ առ ժամանակ աչքերը կկոցել՝ տեքստը կարդալիս, և ելույթի սկզբում մի քանի անգամ բարձր հազացել է։
Դիմելով աջակիցներին՝ ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել է, որ ամերիկացիներն ավելի հաճախ են համարում, որ իր վարչակազմի օրոք տնտեսությունն ավելի հաջող էր, քան Թրամփի ժամանակ։
«Մի՞թե չեք նկատել, որ ամերիկացիներն ասում են՝ Բայդենի վարչակազմի օրոք տնտեսությունը շատ ավելի լավն էր, քան Թրամփի ժամանակ», — ասել է նա։
Բայդենը նաև հայտարարել է, որ իրեն ապշեցնում է այն, որ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց հետո միլիարդավոր դոլարներ է վաստակել։ «Նա ամոթի զգացում ընդհանրապես չունի», — հայտարարել է նախկին նախագահը։
Միևնույն ժամանակ Բայդենը չի անդրադարձել դեմոկրատների ներսում առկա ներկուսակցական տարաձայնություններին, որոնք սրվել են Նյու Յորքում դեմոկրատ սոցիալիստների ներկայացուցիչների՝ փրայմերիզում հաղթանակից հետո։
Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ նախկին նախագահը բուժում է ստանում շագանակագեղձի քաղցկեղի չորրորդ փուլի պատճառով։ Այդ ընթացքում Ջիլ Բայդենը ակտիվորեն գովազդում է իր նոր գիրքը, իսկ նախկին նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը, ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ցանցերում, որտեղ, բացի իր ստեղծագործությունը առաջ մղելուց, պարբերաբար պատասխանում է նաև իր ընտանիքի հասցեին հնչող քննադատություններին։




























