ԱՄՆ-ում Կոլորադո և Յուտա նահանգների սահմանին բռնկված անտառային հրդեհների հետևանքով զոհվել է երեք հրշեջ, ևս երկուսը վիրավորվել են, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ Անտառային հրդեհների դեմ պայքարի ծառայությանը։
Փրկարարները մասնակցել են նախօրեին բռնկված Knowles և Gore օջախների մարման միջգերատեսչական գործողությանը։ Գերատեսչությունը ցավակցություն է հայտնել և զոհված հրշեջներին անվանել քաջության և անձնազոհության խորհրդանիշ։
ԱՄՆ-ի արևմուտքում անտառային հրդեհների իրավիճակը շարունակում է վատթարանալ շոգի, երաշտի և ուժեղ քամու պատճառով։ Ամենախոշոր օջախը՝ Յուտա նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Cottonwood հրդեհը, մեկ օրում տարածվել է մինչև ավելի քան 373 քառակուսի կիլոմետր և ոչնչացրել է լեռնադահուկային հանգստավայրի մի մասը, ինչպես նաև մի քանի ամառանոց։ Իշխանությունները նշում են, որ լեռների և կիրճերի բարդ ռելիեֆը լրջորեն դժվարացնում է հրշեջների և տեխնիկայի աշխատանքը։
Մի քանի նահանգներում արձանագրվում են նոր հրդեհներ, իսկ երկրում խոշոր ակտիվ հրդեհների ընդհանուր թիվը հաշվվում է տասնյակներով։
Տարվա սկզբից ԱՄՆ-ում այրվել է մոտ 1,2 միլիոն հեկտար, ինչը գերազանցում է բազմամյա միջին ցուցանիշները։
Յուտայի և Կոլորադոյի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ, ներգրավել են Ազգային գվարդիան և սահմանել են սահմանափակումներ, այդ թվում՝ մոտեցող Անկախության օրվա ֆոնին հրավառությունների օգտագործման արգելք։





























