Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում մայիսի 7-ին մի  քանի երկրաշարժերի արդյունքում շուրջ  800 ընտանիք մնացել է առանց տանիքի:

Trend-ը` վկայակոչելով շրջանի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Էլման Ռամազանովին, հաղորդում է, որ իշխանություններն ավերված տների բնակիչներին ժամանակավոր բնակության համար ավելի քան 300 վրաններ են տվել:

Ռամազանովը նշել է, որ աղետի հետեւանքով լուրջ վնասվածք է հասցվել շրջանի 20 գյուղերի, ամենից շատ տուժել են 7 գյուղեր, որոնք գտնվում են մերձլեռնային  տեղանքում: Նա նաեւ հայտնել էր, որ մայիսի 7-ի երեկոյան տեղի ունեցած երկրորդ հզոր ցնցումից հետո տների շուրջ 90%-ը վթարային վիճակում են հայտնվել: 

Շրջանի դպրոցներում հետաձգվել են պարապմունքները: Նրանց մեծամասնությունը գտնվում է վթարային վիճակում, մասնագետները դիտարկում են անցկացնում:

Ըստ պաշտոնյայի` երկրաշարժի ընթացքում մահացու դեպքեր չեն գրանցվել, բժշկական օգնության է դիմել 36 մարդ: