Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ չէ բելառուսական ձեռանարկությունների մասնավորեցմանը, բայց  դրանց դիմաց պահանջում է բարձր  գին:

Ելույթ ունենալով մայիսի 8-ին  բելառուս ժողովրդին եւ խորհրդարանին  ուղղված ավանդական  ուղերձով, նա հայտարարել է, որ «Բելոռուսկալիյ» ԲԲԸ  մասնավորեցման արժեքը 30 մլրդ դոլարից, որոնց մասին ինքը  խոսում էր անցած տարի, բարձրացել է մինչեւ 31,5-32 մլրդ դոլարի:

«Ով ցանկանում է` եկեք: Ցանկացողներ չկան.  դեհ, ինչ, չկան, ուրեմն չկան», -նշել է նա: Այսպիսի կարծիք ունի Լուկաշենկոն նաեւ «ՄԱԶ»-ի վերաբերյալ, որով հետաքրքրվում է ռուսական «ԿԱՄԱԶ»-ը,- հայտնում է NEWSru.com:

«Վերջերս լրատվամիջոցներում ես կարդացել եմ, որ Ռուսաստանի գործիչներից մեկը` բանակցություններ վարելով «ՄԱԶ»-ի բաժնետիրացման մասին, հայտարարել է, թե բելառուսական կողմը  շատ մեծ գին է պահանջել բանակցությունների ժամանակ», -նշել է Լուկաշենկոն եւ ավելացրել. «Գինը ձեռք չի տալիս, մի գա այստեղ»:

Միեւնույն ժամանակ Բելոռուսի նախագահը հայտարարել է, որ  բելառուսական սեփականության ոչ մի  զանգվածային վաճառք տեղի չի ունենալու: «Մասնավորեցումը պետք է լինի նորմալ եւ  թափանցիկ», - հայտարարել է նա: