Ձախ արմատական «Սիրիզա» կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասից ստացել է կառավարություն ձեւավորելու մանդատը: Ակնկալվում է, որ նա կմիավորի ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի վարկային աջակցության դեմ հանդես եկող կուսակցություններին:
Հիշեցնենք, մայիսի 7-ին Հունաստանի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո կառավարություն ձեւավորելու մանդատը փոխանցվել էր Հունաստանի խորհրդարանական ընտրությունների հաղթող աջակենտրոն «Նեա Դեմոկրատիա» («Նոր ժողովրդավարություն») կուսակցության առաջնորդ Անդոնիս Սամարասին:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Սամարասը հանձնել է մանդատը նույն օրը, հայտարարելով, որ չի կարողանում համաձայնության գալ այլ կուսակցությունների առաջնորդների հետ: Նշենք, որ Հունաստանում կառավարության ձեւավորման մանդատն ուժի մեջ է մնում երեք օր, բանակցությունների անհաջողության դեպքում այն անցնում է ձայների թվով երկրորդ կուսակցությանը, այնուհետեւ երրորդին:
Արդեն մայիսի 8-ին խորհրդարանում մանդատների թվով երկրորդ կուսակցության առաջնորդ Ցիպրասը պետք է հանդիպի ձախ ժողովրդավարների ղեկավար Ֆոթիս Քուվելիսի, «Կանաչների» ներկայացուցիչների եւ «Հասարակական համաձայնություն» կուսակցության առաջնորդ Լուկա Կացելիի, աջակենտրոն «Նեա դեմոկրատիա» կուսակցության անդամների եւ ՊԱՍՕԿ-ի ձախակենտրոնների հետ: Ցիպրասը նախապես հայտարարել էր, որ բացառում է բանակցությունները միայն «Ոսկե այգաբաց» կուսակցության անդամների հետ:




























