Հայաստանի ոստիկանությունը Ազգային Ժողովի ընտրությունների կապակցությամբ մայիսի 7-ի առավոտյան ժամը 8-ից մինչեւ այս պահն ստացել է հանցագործության մասին եւս 23 հաղորդում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Վերջինս նշեց, որ բոլոր դեպքերն էլ նյութերի նախապատրաստման փուլում են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մայիսի 6-ին կայացած ընտրությունների քվեարկության ընթացքում, որպես հանցագործության մասին հաղորդում, դիտվել է 78 դեպք, որոնք գտնվում են ինչպես հետաքննության, այնպես էլ նախաքննության փուլերում: Այսպիսով, ոստիկանություն ստացված հաղորդումների թիվը հասել է 101-ի:
Ահարոնյանը նշեց, որ չորս դեպքերով քրեական գործ է հարուցվել: Ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ 2 դեպքերով ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ Քր.օր.-ի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով, (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) հարուցվել են քրեական գործեր եւ կատարվում է նախաքննություն:
1 դեպքով ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի կողմից ՀՀ Քր.օր.-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել) հարուցվել է քրեական գործ եւ նույնպես կատարվում է նախաքննություն:
Եւս մեկ քրեական գործ էլ հարուցվել է այսօր` մայիսի 8-ին, Հայաստանի քրեական օրենսգրքի 164 հոդվածի 2-րդ հետով (Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը), «Ազատություն ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանին Էրեբունի վարչական շրջանի ընտրատարածքներից մեկում բռնության փաստով:




























