Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ոչ թե 50 մլն եվրո է ստացել, ինչպես գրում են լրատվամիջոցները, այլ` 100 միլիոն: Այսօր նման թիվ է նշել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Նա Քադաֆիից 100 միլիոն դոլար է ստացել: Մուամար Քադաֆին ինքն է ինձ այդ մասին հայտնել Մինսկ կատարած այցելության ընթացքում», -հստակեցրել է Լուկաշենկոն, գրում է polite,ru-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Mediapart կայքը 2012 թվականի մարտին փաստաթուղթ էր հրապարակել լիբիացիների վարչակարգի կողմից 50 միլիոն եվրո Սարկոզիի նախագահական քարոզարշավին փոխանցելու մասին: Փաստաթղթում ասվում է, որ ֆինանսավորման բանակցություններն ընթացել են Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամի եւ ոմն ZT-ի միջեւ, որին Mediapart-ն անվանում է լիբանանյան ծագմամբ ֆրանսիացի գործարար Զիադ Թաքիեդին:
Մեկ տարի առաջ Սեյֆ ալ-Իսլամն արդեն Ֆրանսիայի նախագահից պահանջել էր վերադարձնել փողերը, որոնք նրան տրամադրել էր Լիբիան նախընտրական քարոզարշավի համար: Ըստ նրա` լիբիական իշխանություններն ունեն բոլոր ապացույցները, այդ թվում նաեւ բանկային կտրոնները եւ բանկային փոխանցումների փաստաթղթերը:
Ավելի ուշ այդ տվյալների իսկությունը հաստատել էր նաեւ Լիբիայի նախկին վարչապետ Բաշիր Էսիդը:


























