Հայաստանում ընտրություններն անց են կացվել հանգիստ եւ խաղաղ մթնոլորտում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների հարցերով վարչության խոսնակ Ռոբերտ Հիլթոնը:
«Հայաստանում անցյալ կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հանգիստ եւ խաղաղ մթնոլորտում՝ ընդդիմադիր կուսակցությունների եւ ընտրությունների դիտորդների մասնակցությամբ»,- նշել է Հիլթոնը` ողջունելով Հայաստանում համապետական մակարդակի վրա նախկինում անցկացված ընտրությունների համեմատությամբ տեղ գտած բարելավումները:
«Սատարում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների առաքելության եզրակացությունը, որի համաձայն ընտրություններն անցկացվել են «մրցակցային, աշխույժ եւ մեծ մասամբ խաղաղ: Միաժամանակ կիսում ենք նաեւ նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը «անհավասար մրցակցային դաշտի», ինչպես նաեւ ձայների գնման եւ ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները», - «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, ասել է Հիլթոնը:
«Հետընտրական ժամանակաշրջանում շարունակելու ենք հետեւել ընտրությունների միջազգային եւ տեղական դիտորդների կողմից հայտնաբերված փաստերին, ինչպես նաեւ ընտրախախտումների վերաբերյալ հարուցված գործերի քննությանը», - նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների հարցերով վարչության խոսնակը:




























